ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել Մերձավոր Արևելքի հարցով
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը՝ հուլիսի 10-ին, արտակարգ նիստ կանցկացնի, որի թեման կդառնա Մերձավոր Արևելքում կոնֆլիկտի սրացումը: Հանդիպման սկզբին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կիրազեկի Անվտանգության խորհրդի անդամներին տարածաշրջանում ընթացիկ իրադրության մասին, ինչից հետո տեղի կունենա քննարկում փակ դռների հետևում, հաղորդում է Deutsche Welle-ը՝ հղում անելով AFP-ին:
Նիստը հրավիրվել է արաբական և իսլամական մի շարք պետությունների նախաձեռնությամբ, որոնք մտահոգ են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ ծայրահեղական շարժման միջև կոնֆլիկտի սրմամբ:
Պաղեստինյան իշխանությունները հայտնել են, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածում թիրախների հրթիռակոծումն սկսվելուց ի վեր 68 մարդ է մահացել, որոնց երկու երրորդը խաղաղ բնակիչներ են: Բացի այդ, 400-ից ավելի մարդ վնասվածք է ստացել:
Իսրայելական կողմից զոհերի քանակի մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: Համաձայն իսրայելական բանակի հաղորդման՝ հրթիռակոծման է ենթարկվել 300-ից ավելի օբյեկտ Գազայի հատվածում:










