Ճապոնիայում երեխա է լույս աշխարհ եկել 13 տարի առաջ սառեցված ձվաբջջից

23:30 • 06.12.14

Ճապոնիայում լույս աշխարհ է եկել երեխա, ով ծնվել է մոր` 13 տարի առաջ սառեցված ձվաբջջի շնորհիվ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` 2001-ին, երբ երեխայի մայրը սովորում էր բարձր դասարաններում, բժիշկները նրա մոտ քաղցկեղային հիվանդություն`լիմֆոմա են հայտնաբերել: Բժիշկներն զգուշացրել են աղջկան և նրա ծնողներին, որ բուժման հնարավոր հետևանքներից կարող է լինել անպտղությունը: Բուժումն սկսելուց առաջ որոշում է կայացվել երկու առողջ ձվաբջիջ վերցնել, սառեցնել դրանք և պահպանել հիվանդանոցներից մեկում:

 

 Բուժումը հաջողությամբ է պսակվել, աղջիկը վերադարձել է բնականոն կյանքի և անցյալ տարի ամուսնացել: Հետագայում պահպանված ձվաբջիջներից մեկը բեղմնավորել են արտամարմնային բեղմնավորման եղանակով, այնուհետև փոխպատվաստել մորը: Օգոստոսին կինն առողջ բալիկ է ունեցել` երեքից ավել կգ քաշով:

Չնայած արհեստական բեղմնավորման ոլորտում գրանցված առաջընթացին` երեխայի ծնունդը տասը տարուց ավել սառեցված ձվաբջջից հազվադեպ երևույթ է Ճապոնիայի համար:    

 

 

 

Ճապոնիայում երեխա է լույս աշխարհ եկել 13 տարի առաջ սառեցված ձվաբջջից