Հաքերները պահանջում են Sony-ից չթողարկել Կիմ Չեն Ընի մասին ֆիլմը
Հաքերների խումբը, որը ստանձնել է Sony Pictures-ի վրա հարձակման պատասխանատվությունը, պահանջել է ընկերությունից վարձույթի չհանել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին «Հարցազրույց» կատակերգությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ ֆիլմում երկու լրագրող Կիմ Չեն Ընից հարցազրույց վերցնելու հնարավորություն են ստանում, իսկ Կենտրոնական հետախուզական վարչությունը նրանց հավաքագրում է, որպեսզի նրա վրա մահափորձ կատարեն:
Իրենց «Խաղաղության պահապաններ» կոչող խմբի հայտարարության մեջ ասվում է, որ իրենք արդեն այդ պահանջը ներկայացրել են Sony-ի ղեկավարությանը, բայց նրանք դեռ չեն արձագանքել:
«Կատարեք մեր պահանջը, եթե ցանկանում եք փրկվել մեզանից: Եվ անմիջապես դադարեք ցուցադրել այդ ահաբեկչական ֆիլմը, որը կարող է խախտել խաղաղությունը տարածաշրջանում և հանգեցնել պատերազմի»,- ասված է հայտարարության մեջ:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հերքում են, որ հյուսիսկորեացի մասնագետները ներգրավված են կիբերհարձակման մեջ, ինչի հետևանքով համացանցում են հայտնվել դեռևս վարձույթի դուրս չեկած Sony-ի արտադրության ֆիլմերը:










