Կարծում եմ՝ դա սադրանք է եղել. Գրիգորի Լեպսը մեկնաբանել է Թբիլիսիում համերգից հետո տեղի ունեցած միջադեպը (տեսանյութ)
Վրացական ԶԼՄ-ներում հայտնվել էին լուրեր, որ լրագրող Նինա Մետրևելիի հանդեպ Գրիգորի Լեպսի թիկնապահները դաժան վերաբերմունք են ցուցաբերել։ Հարցազրույցում, որը երգիչը տվել է Թբիլիսիում համերգից առաջ, աղջիկն անսպասելի հարցեր է տվել այն մասին, թե ինչպես է Լեպսը վերաբերվում Ռուսաստանի նախագահի վարած քաղաքականությանը։ Արտիստը պատասխանել է, սակայն հարցազրուցից անմիջապես հետո հարձակվել են լրագրողուհու վրա, փակել սենյակում և 1 ժամ վախեցրել և վիրավորել։ Լրագրողը դիմել է ոստիկանություն։
«Комсомольская правда» պարբերականը զրուցել է անձամբ Լեպսի հետ և նախ հարցրել, թե ինչպես են դիմավորել Թբիլիսիում։
«Համերգը հրաշալի է անցել։ Իմ հաշվարկներով՝ եկել էր 5.000 մարդ։ Ոմանք ասում էին, որ ավելի շատ։ Նույնիսկ չէի սպասում, որ այդքան շատ մարդ կլինի»,- պատասխանել է երգիչը։
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է արձագանքել այն հանգամանքին, որ վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցը սկանդալի է վերածվել, Լեպսը նշել է, որ միգուցե դա սադրանք է, կամ ինչ-որ մեկին անհրաժեշտ է քաղաքական միավորներ հավաքել։
«Անկեղծ ասած՝ ես միշտ փորձել եմ հեռու մնալ նման տեսակի պատմություններից։ Եղել են հարցեր, ես անկեղծ պատասխանել եմ։ Չգիտեմ՝ այդ աղջկա հետ ինչ է պատահել հետո։ Կարծում եմ՝ հիմարություն է այն ամենը, ինչ խոսում են»,- նշել է Լեպսը։
Վրացական ծագում ունեցող երգիչը պատմել է, որ իրեն տվել են հարցեր Վրաստանի, կայանալիք համերգի, հետագա ստեղծագործական պլանների մասին։ Եղել է նաև հարց՝ արդյոք ճիշտ է, որ ինքն աջակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը, ինչին Լեպսը դրական է պատասխանել. «Իհարկե աջակցում եմ, չէ՞ որ նա իմ նախագահն է։ Հարգում եմ, գնահատում և այլն»։
Եվ վերջում այն հարցին, թե արդյոք միջադեպը չի անդրադառնա իր վրացի երկրպագուների վրա և կշարունակի համերգներ տալ Վրաստանում, Լեպսը հայտնել է, որ դա ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ։
«Մարդիկ ծափահարում էին, ուրախանում։ Ես նույնիսկ նկատեցի, որ շատերը ձայնակցում եին, երգում ինձ հետ։ Հիմա շատ երիտասարդներ չգիտեն ռուսերեն։ Մեծահասակները գիտեն, սակայն բոլորը երգում էին ինձ հետ, և դա շատ լավ էր»,- ասել է երգիչը։










