Վրաստանում սկսվել են Հոլոքոստի տարիներին վրացիների կողմից հրեաներին փրկելու մասին ֆիլմերի նկարահանումները
Վրաստանում սկսվել են 2 վավերագրական ֆիլմերի նկարահանումներն այն վրացիների մասին, որոնք մասնակցել են Հոլոքոստի տարիներին հրեաների փրկության գործին։
«Վրացի Շինդլերները» աշխատանքային անվանումով ֆիլմերը, հավանաբար, կթողարկվեն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դաշնակից զորքերի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, փոխանցում է apsny.ge-ն։
Ինչպես նշել է նախագծի նախաձեռնողներից մեկը՝ Իցիկ Մոշեն, առաջին կարճամետրաժ ֆիլմն ամբողջությամբ նվիրված կլինի Կիսլովոդսկի բնակիչ Սերգի Մետրևելիին։ 1942թ. օգոստոսին, երբ նացիստական զորքերը մոտեցել են քաղաքին, Մետրևելին հրեա փախստականներին լեռնային ճանապարհով տեղափոխել է վրացական Ուցերա գյուղ։
Երկրորդ ֆիլմի նկարահանումները կսկսվեն, երբ հատուկ ստեղծված փորձագիտական խումբը մանրամասն ուսումնասիրի 3 վրացիների՝ Գրիգոլ Փերաձեի, Միխայիլ Քեդիայի և Սաբա Կլդիաշվիլիի ներդրումը հրեաների փրկության հարցում։










