Այսօր դերասանի կողմնակի աշխատանքից տուժում է թատրոնը. Վիգեն Ստեփանյան. Life.Panorama.am

12:33 • 10.12.14

Արվեստում խնդիրները տարաբնույթ են. ֆինանսական, ճաշակի, հնարավորությունների.  Life.Panorama.am-ն զրուցել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հետ:

 

-Պարո՛ն Ստեփանյան, դուք հանդես եք գալիս և՛ որպես դերասան, և՛ որպես ռեժիսոր, երբեմն՝ որպես սցենարիստ: Երեքը մեկում դժվար չէ՞:


- Գիտեք, երբ ես բեմադրում եմ իմ գրած պիեսը, այդ երկուսն իրար հրաշալի օգնում են: Դա կարող են վկայել Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները, որոնց հետ չորս ներկայացում եմ բեմադրել՝  իմ իսկ գրած պիեսներով։ Որպես դերասան բեմ դուրս չեմ գալիս (բացառություն՝ Լիր արքա): Եթե պետք է ներկայանամ բեմում, ապա նախընտրում եմ, որ տվյալ պիեսի հեղինակն ու բեմադրիչը ես չլինեմ… Թեև, նման փորձ ունեցել եմ:


-Ինչո՞ւ թատրոնն այսօր չի կարողանում դերասանին պահել, ֆինանսական միջոցներ չունի՞: Որքան նկատել եմ, մարդիկ հետաքրքրված են թատրոնով ու հանդիսատեսի պակաս այնքան էլ չկա:


- Դա ավելի քան լուրջ հարց է։ Պետական աջակցությունը կա, վերջերս բարձրացավ աշխատավարձը: Բայց արդյո՞ք դա բավարար է… Դրա համար էլ դերասանը նախըտրում է սերիալներում նկարվել, ձայնագրություններ անել... Բայց գիտեք, մենք էլ ժամանակին նկարվում էինք, ձայնագրվում, բայց դա երբեք ի վնաս թատրոնի չէր լինում: Այսօր դերասանի կողմնակի աշխատանքից տուժում է թատրոնը: Այ դա է ցավալին։

-Պարո՛ն Ստեփանյան, դերասանն իրեն գնահատված զգո՞ւմ է Հայաստանում:

- Երևի այդ հարցը ուղղեք դերասաններին: Բայց ես միայն մեկ բան գիտեմ, այն դերասանը, որը գոհ է իր խաղացած դերից, իր ստեղծած կերպարից, և ընդհանրապես՝ ինքն իրենից, թույլ տվեք ասել՝ նա դերասան չի, արվեստագետ չի։


-Շատերը փնտրում են հնարավորություն՝ երկրից դուրս գալու: Դուք մի պահ ապրում էիք Լիբանանում: Ի՞նչը ձեզ վերադարձրեց: Չե՞ք զղջացել:


- Երբեք… Ես մեկնել էի ընտանիքիս հետ: Ես և կինս հրավեր ունեինք, արտասահմանում շարունակել ենք զբաղվել միայն մեր գործով։ Բայց Երևան քաղաքը միայն այստեղ է՝ Հայաստանում: Նրա պակասը շատ էի զգում: Որքա՞ն կարելի էր մնալ հյուրի կարգավիճակով: Իսկ այստեղ ես տանն եմ, իմ տանը:


-Կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին:


- Դե, կինս թավջութակարուհի է, այժմ դասավանդում է կոնսերվատորիայում: Աղջիկս ապրում է Փարիզում: Կինոռեժիսեր է, արդեն ունի մի քանի լուրջ միջազգային մրցանակներ։ Տղաս ԱՄՆ-ում է ապրում: Արվեստի հետ կապ չունի: Ինչպես ինքն է ասում՝ կարգին գործով է զբաղվում (ծիծաղում է):


-Իսկ դո՞ւք հիմա ինչով եք զբաղված, ի՞նչ նորություններ ունեք:
-Նոր և շատ հետաքրքիր ծրագրեր ունեմ, որոնք կապված են Օպերայի և բալետի թատրոնի հետ: Բայց եկեք պայմանավորվենք ու մանրամասն խոսենք այդ ծրագրերն իրանացնելուց հետո…

-Պայմանավորվեցինք…

Շարունակությունը՝ այստեղ:
 

Այսօր դերասանի կողմնակի աշխատանքից տուժում է թատրոնը. Վիգեն Ստեփանյան. Life.Panorama.am