Մայակովսկու բանաստեղծության ձեռագիրը վաճառվել է մոտ 43.000 դոլարով
Ռուս պոետ Վլադիմիր Մայակովսկու «Պատերազմը հայտարարված է» բանաստեղծության ձեռագիրը Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 43.750 դոլարով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այդ մասին հայտնել է Bonhams աճուրդի տան ներկայացուցիչը, որտեղ անցկացվել է «Ռուսական գրքեր և լուսանկարներ» աճուրդը։
Ձեռագիրն արվել է 1914թ. հուլիսի 20-ին։ Իսկ հաջորդ օրը 21-ամյա Մայակովսկին իր նոր բանաստեղծությունը կարդացել է մոսկովյան հանրությանը գեներալ Սկոբելևի հուշարձանի մոտ։
Աճուրդի տան տեղեկություններով՝ դա Մայակովսկու միակ, մինչ մեր օրերը պահպանված ձեռագիրն է այդ ժամանակաշրջանից։










