Հռոմում գողը թանգարանին է վերադարձրել կես մլն եվրո արժողությամբ արձանը

16:25 • 11.12.14

Հուրախություն թանգարանների աշխատակիցների և արվեստի երկրպագուների՝ Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանից նախորդ շաբաթ գողություն կատարած հանցագործի խիղճը տանջել է։

 

Նա վերադարձրել է 19-րդ դարի իտալացի քանդակագործ Մեդարդո Ռոսոյի «Հիվանդ տղան» արձանը, որը գնահատվում է մոտ կես մլն եվրո։ Քանդակը բացակայել է իր մշտական վայրից ընդամենը 3 օր։ Այն գտել են թանգարանի հանդերձարանում, հայտնում է Комсомольская правда-ն։

 

Անվտանգության աշխատակիցն արձանի բացակայությունը նկատել է նախորդ ուրբաթ։ Տեսաձայնագրությունները ցույց են տվել, թե ինչպես է միջին տարիքի տղամարդը հանգիստ հանում արձանը, թաքցնում մեծ պայուսակում և լքում թանգարանը։ Իսկ երկուշաբթի հանդերձարանում նկատել են պայուսակ, որում գտնվել է նմուշը։

 

Ոստիկանությանը դեռ չի հաջողվել գտնել «բարեխիղճ հանցագործին»։

Հռոմում գողը թանգարանին է վերադարձրել կես մլն եվրո արժողությամբ արձանը