Կարեն Քոչարյանը պատրաստ է վերադառնալ էկրան, եթե իրեն վայել նախագիծ ու վարձատրություն առաջարկվի. Life.panorama.am

15:09 • 13.12.14

Հեռուստատեսությունը մարդու և աշխարհի շփման լավագույն միջոցներից է, դաստիարակիչ մեթոդ, զենք, որը պետք է ճիշտ ու նպատակաուղղված օգտագործել: Խաթարելով եթերը՝ խաթարում ենք շատերի աշխարհայացքը: Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը հաղորդավար, ռեժիսոր, լրագրող, հեռուստատեսության մշտական նվիրյալ Կրեն Քոչարյանն է, ով հասցրեց մեր զրույցի ընթացքում և վերհիշել, և բարկանալ, և կարոտել ու անկեղծանալ:


-Դուք մեր լավագույն հաղորդավարներից եք, այսօրվա համար՝ բացառիկներից:  Ինչո՞ւ Ձեզ եթերում չենք տեսնում:


- Նախ` շնորհակալ եմ գնահատականի համար: Եթերում շատ եմ լինում, բայց հյուրի կարգավիճակով: Գրեթե բոլոր ալիքները հրավիրում են: Ինչ վերաբերվում է նախագծերին,ապա դա կախված է միմիայն հեռուստաալիքների ղեկավարներից: «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երկրի գանձերը» հաղորդաշարից հետո ոչ մի առաջարկ չի եղել: Ինքս էլ չեմ սիրում սեփական գովազդով զբաղվել: Մտքեր և նախագծեր շատ կան, բայց չեմ ուզում դրանք հենց այնպես բացահայտել: Պլագիատի վտանգը մեծ է: 


-«Էկրանից դուրս» ինչո՞վ եք այսօր զբաղվում:


-Աշխատանք շատ ունեմ: Շատ հաճախ հեղինակում և վարում եմ շատ պատվաբեր համերգային ծրագրեր: Չեմ ամաչում և նույնիսկ հաճույքով վարում եմ կորպորատիվ երեկոներ և հարսանիքներ,ծնունդներ ... Մարդկանց ուրախություն եմ պարգևում: Ահա այսպես (ժպտում է):


-Ծնվեց նաև «3-րդ ալիքը»..


-Դա 91-ին էր, որը դարձավ Հայկական հեռուստատեսության ամենաերկարակյաց ծրագիրը: Նշեք մի հաղորդում, որն առանց ընմիջվելու ապրեց 17 տարի: Ի դեպ, այս պարագայում կրկին մեր կողքին ավագ սերունդն ու ղեկավարությունն էր. «3-րդ ալիք»-ի գաղափարը պատկանում է Հայկական հեռուստատեսության լավագույն մեկնաբաններից մեկին՝ Ռոբերտ Մավիսակալյանին: 1991-ից մինչև 99-ը եկան և գնացին մի քանի հեռուստաղեկավար, ովքեր, եթե չեն օգնել, ապա չեն էլ խանգարել մեզ՝ հասկանալով, որ անհրաժեշտ ենք հեռուստատեսությունում: Միայն 99-ին, երբ եկավ նոր թիմ՝ Տիգրան Նաղդալյանի ղեկավարությամբ, հանդգնեցին անել ամեն ինչ, որ եթերաժամը կրճատելով՝ «հոգնեցնեն» ծրագիրը. 7-8 ժամանոց հաղորդումը դարձավ 40 րոպե ու մենք ստիպված էինք հեռանալ Նորքի բարձունքից : Այդ օրերին «Новое время» թերթում տպագրվեց Կարեն Միքայելյանի հոդվածը, ուր զուգահեռներ էին տարվում «3-րդ ալիքի» և այդ տարիների երիտասարդացված Ազգային հեռուստատեսության հաղորդաշարերի մեջ:


-Եթե առաջարկ ստանաք դրսի հեռուստաշուկայից, կընդունե՞ք:


-Առաջարկներ շատ եմ ունեցել, սակայն դրանցից շատերը չեն համապատասխանել իմ պահանջներին: Ընդորում ոչ թե ֆինանսական, այլ ստեղծագործական: Դեռ 1989 թվականին առաջարկ ստացա աշխատել Ուժգորոդի հեռուստատեսությունից, ուր իմ համար ստեղծում էին բոլոր պայմանները՝ տուն,գրանցում, ազատ ելք ու մուտք արտասահման, բարձր աշխատավարձ: Հրաժարվեցի, որովհետև Հայաստանում ունեի իմ հեռուստատեսությունը, իմ ընկերները, մեր «Խճանկարը»…Նաև 1991-ին, երբ Երևանում ծանոթացա Վլադ Լիստևի հետ, ավելին՝ նրա հետ մարզահամերգային համալիրի բեմից վարեցի «Հրաշքների դաշտ» հաղորդումը, նրանից առաջարկ ստացա՝ տեղափոխվել Մոսկվա: Այդ ժամանակ պատրաստվում էր դառնալ ОРТ-ի գլխավոր տնօրենը: Շատ գայթակղիչ առաջարկ էր: Ինչպես ասում է Շերենցի հերոսը «Տղամարդիք» ֆիլմից՝ «Մտածել է պետք»: Եվ ես ընկա մտածմունքների մեջ… Ամեն ինչ, ցավոք, «իր տեղը» դրեց նորին գերազանցություն պատմությունը. մեծ ցավ էր ինձ համար,երբ իմացա Վլադի սպանության մասին: Ոչ նրա համար,որ կորցրեցի հնարավորությունս,այլ, երբ նման ձևով են վարվում պրոֆեսիոնալների հետ՝ գնալով Աստծո դեմ:

Շարունակությունը՝ այստեղ։

 

Կարեն Քոչարյանը պատրաստ է վերադառնալ էկրան, եթե իրեն վայել նախագիծ ու վարձատրություն առաջարկվի. Life.panorama.am