Եգիպտոսում վերականգնել են Ամենհոտեպ III փարավոնի 13 մետրանոց արձանը
Եգիպտոսի Լուքսոր քաղաքում փարավոնի` 3000 տարի առաջ երկրաշարժի հետևանքով տապալված հսկայական արձանը առաջին անգամ կրկին տեղադրել են պատվանդանին:
Ինչպես հայտնում է BBC-ն` վերականգնողական աշխատանքների ավարտման առթիվ կազմակերպված արարողությանը հնագետները ցուցադրել են Ամենհոտեպ III փարավոնի արձանը, որը երկրաշարժի պահից ի վեր ընկած էր գետնին` բաժանված լինելով 90 մասի:
13 մետրանոց արձանի գլխին դրված է վերին Եգիպտոսի խորհրդանշական թագը, իսկ ձեռքերում փարավոնը պահում է պապիրուսե ձեռագրերը, որոնց վրա գրված է նրա անունը:
Արձանը կանգնած է եղել Ամենհոտեպ III-ին պատկերող ևս մեկ հսկայածավալ քանդակի կողքին, որը վերականգնվել և բացվել է այս տարի ավելի վաղ: Հայտնի «Մեմնոնի կոլոս» կոթողը ևս պատկերում է Ամենհոտեպ III փարավոնին, սակայն այնտեղ ղեկավարը պատկերված է նստած դիրքով:










