Ֆրանսիայի Լուսինյան քաղաքում խաչքար է օծվել

11:51 • 15.12.14

Դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայի Պուատիե նահանգի Լուսինյան քաղաքում տեղի է ունեցել Հայոց վերջին թագավոր Լևոն V-Ի (հայկական պատմագրության մեջ հիշատակվում է նաև որպես Լևոն VI), Ֆրանսաիայի ազատության համար ընկած մարտիկների  և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացման և օծման արարողություն, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Հանդիսությանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Միշել Կլեմանը, Պուատիեի նահանգային խորհրդի նախագահ Քլոդ Բերթոն, Լուսինյանի քաղաքաքապետ Ռենե Ժիբոն, Ֆրանսիայից ու հարակից երկրներից ժամանած հարյուրավոր հայեր, հյուրեր։


Հայկական տուֆից քանդակված խաչքարը տեղադրվել է Լուսինյանի քաղաքապետարանի, «Արարատ» ասոցիացիայի, «Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադիրների ասոցիացիայի» և Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի համատեղ ջանքերով, իսկ օծման կարգը կատարվել է Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի կողմից, աղոթել է նաև Եվրասիայի Հայ Ավետարանչական եկեղեցիների միության նախագահ Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը։ Այնուհետև ծաղկեպսակ է դրվել խաչքարի մոտ:


Իրենց ողջույնի խոսքում Ժան-Միշել Կլեմանը և Քլոդ Բերթոն բարձր են գնահատել հայ համայնքի դերը Ֆրանսիայի կյանքում, հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում։ Քաղաքապետ Ռենե Ժիբոն նշել է, որ Լուսինյանը հայկական արմատներով ֆրանսիական քաղաք է, որտեղ այցելող հայերը այսուհետ իրենց պետք է տանը զգան։


Նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով և խորհրդանշական համարելով խաչքարի տեղադրումը Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, նշել է. «Պահը պատմական է, բարոյական է, քաղաքական է և ազգային է։ Քաղաքի այցելուին Խաչքարը կհիշեցնի հինգ կարևոր փաստ՝ այն, որ հայերը հազարամյակների պատմություն ու Կիլիկյան թագավորություն են ունեցել, մեր Կիլիկիայի վերջին թագավորը Լևոն V-ն է, ով իր վերջին հանգրվանն է գտել Ֆրանսիայում, խաչքարը նվիրված է նաև Ֆրանսիայի ազատագրման համար զոհված հայ մարտիկներին, ովքեր խաղաղություն, ազատություն պարգևեցին այս հրաշալի երկրին, այն մարմնավորում է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը և, ի վերջո, հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ընդամենը ամիսներ հետո առաջադեմ մարդկության հետ մենք ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և հայտարարելու ենք` «Հիշում եմ և պահանջում»: Թուրքը պետք է իմանա, որ մենք չենք լռելու, մենք պահանջելու ենք, որ ճանաչի հայ ժողովրդի և մարդկության դեմ գործած իր աննախադեպ ոճրագործությունը, փոխհատուցի և հետևանքները վերացնի»։

 

Խաչքարի տեղադրմանն օժանդակելու և հայապահպանության գործում ունեցած ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգևատրվել են Անդրե Վալոտան, Անտուան Բաղդիկյանը, Լիդիա Կայմակյանը, Դանիել Արթինյանը, Երվանդ Բերբերյանը և Ֆրեդերիկ Ֆրինգյանը։


Նախարարն այցելել է քաղաքի թանգարանում բացված «Լուսինյանները և Հայաստանը» ցուցահանդես, որտեղ ներկայացված էր Լուսինյան թագավորական տոհմի ամբողջ պատմությունը։ Սփյուռքի նախարարը եղել է նաև Ֆրանսիայի ազատագրման համար մարտնչած հայ ռազմիկներին նվիրված ցուցահանդեսին։


Այնուհետև տեղի է ունեցել Լևոն V-ին նվիրված կոնֆերանս, որտեղ  Քլոդ Մութաֆյանը հանդես է եկել «Լուսինյանները և Հայաստանը 13-14րդ դարերում» թեմայով զեկույցով` հանգամանալից ներկայացնելով Կիլիկյան Հայաստանի պատմությունը։ Կոնֆերանսում ելույթ է ունեցել նաև Հրանուշ Հակոբյանը և բանախոսին պարգևատրել ՀՀ սփյուռքի նախարարաության «Մայրենիի Դեսպան» մեդալով` Հայագիտության ոլորտում իր բերած նպաստի, Հայոց լեզվի ու պատմության հանրահռչակման ու հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար։


Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն Լուսինյանի քաղաքապետ Ռենե Ժիբոյի անունից, որին ներկա են եղել շուրջ 250 հայեր։ Ազգային և ժողովրդական պարերի կատարումներով հանդես են եկել Պուատիե քաղաքի հայկական պարախումբը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Լուսինյանի քաղաքապետին քաղաքի կենտրոնում հիանալի տարածքի տրամադրման ու օժանդակության համար և բարձր գնահատելով նրա հայանպաստ գործունեությունը՝ պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով։ Հ.Հակոբյանը նաև առաջարկել է Լուսինյան քաղաքը քույրացնել Հայաստանի որևէ քաղաքի հետ, որը քաղաքապետն ընդունել է մեծ ոգևորությամբ։


Կիրակի առավոտյան նախարար Հակոբյանը և դեսպան Չիթեչյանն այցելել են քաղաքի Մայր տաճար, որը կառուցվել է 1024թ-ին Լուսինյան տոհմի կողմից, ուր հայերեն և ֆրանսերեն լեզուներով մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվեցլհոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Ֆրանսիայի ազատագրման համար ընկած ռազմիկների, Արցախի հերոսամարտի ժամանակ զոհվածների։


Նախարարը հանդիպումներ է ունեցել Թուլուզի, Բորդոյի, Փարիզի, Պուատիեի, ինչպես նաև Նիդեռլանդներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Քննարկվել են համայնքներում կատարված աշխատանքները, ձեռքբերումներն և ապագա անելիքները, բարձրացվել եբ նաև լուծում պահանջող մի շարք հարցեր, որոնց լուծման համար նախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն կազմակերպել։

Ֆրանսիայի Լուսինյան քաղաքում խաչքար է օծվել