ԻՊ-ի գրոհայինները Արևմուտքում հավաքորդներին են վաճառում Իրաքի և Սիրիայի գողացված թանկարժեք իրերը. ԶԼՄ-ներ
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքում և Սիրիայում գողացված տասնյակ միլիոն դոլար արժողությամբ իրերը վաճառում են անմիջապես Արևմուտքի հավաքորդներին այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Times պարբերականին։
«Վերջնական գնորդի հետ կապ հաստատելու համար ԻՊ-ի գրոհայիններն օգտագործում են իրենց սեփական աղբյուրները»,- նշել է Եվրոպոլի տնօրենի նախկին տեղակալ, Բելգիայի ոստիկանության դաշնային խորհրդի ղեկավար Վիլի Բրյուգմանը։
Նրա խոսքով՝ խմբավորումը և նրանց աջակիցները կողոպտել են ավելի քան 1000 պատմական վայր, վանք, և գողոնի միայն 1%-ն է առգրավվել իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես՝ ԱՄՆ-ում և Գերմանիայում։
Գողացված իրերը դուրս են բերվում այն նույն ճանապարհով, որով իրականացվում է նավթի և զենքի մաքսանենգությունը։










