Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը պատմել է նոր ֆիլմերի և ապագա աշխատանքների մասին
Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, ով արդեն երկար տարիներ ֆիլմեր է նկարահանում ռուսական շուկայի համար, «Индустрия кино» հաղորդման ընթացքում պատմել է ապագա ստեղծագործական պլանների մասին։
Առաջին հերթին, նա խոսել է «Կողոպուտ ամերիկյան ձևով» մարտաֆիլմի մասին, որի պրեմիերան կկայանա մոտ 1 ամիս անց՝ 2015թ. հունվարի 22-ին, փոխանցում է filmpro.ru-ն։
Ֆիլմում իրադարձություններն ընթանում են ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում։ Դա պատմություն է Ամերիկայի՝ հանդիսատեսին բոլորովին անծանոթ կողմի մասին։ Գլխավոր հերոսը՝ Ջեյմսը, բանտում անցկացրել է 16 ամիս։ Այժմ նա փորձում է կարգավորել իր սեփական կյանքը, նա ունի ընկերուհի, լավ աշխատանք, սակայն երազում է սկսել իր սեփական բիզնեսը։ Օրինական ճանապարհով դա չի հաջողվում, այդ պատճառով էլ Ջեյմսի եղբայրը՝ Ֆրենկին, ով նոր է դուրս եկել բանտից, առաջարկում է ռիսկի դիմել և բանկ թալանել։
Գլխավոր դերերը կատարել են հոլիվուդյան աստղեր Հեյդեն Քրիսթենսենը, Էդրիեն Բրոուդին, Ջորդանա Բրյուստերը և ռեփեր Էյքոնը։
«Սցենարն առաջարկել է մեզ Հեյդեն Քրիսթենսենը։ Նա դիտել է մեր 2 ֆիլմերը՝ «Ծառայողական սիրավեպ։ Մեր օրեր» և «Շնորհավոր Ամանոր, մայրիկներ»։ Դիտումից 2 շաբաթ անց նա մեզ նամակ է գրել՝ «Ես ամեն ինչ դիտել եմ, ինձ դուր է գալիս այդ կինոլեզուն։ Եթե դուք ցանկանում եք ֆիլմ ստեղծել, ապա ես պատրաստ եմ»»,- պատմել է Անդրեասյանը։
2015թ. դեկտեմբերի 31-ին վարձույթում կհայտնվի «Մաֆիա» ֆանտաստիկ մարտաֆիլմը, որի ռեժիսորը կրկին Սարիկ Անդրեասյանն է։ Նախագծի հիմքում շատերի կողմից սիրված համանուն խաղն է։
Ֆիլմում գործողություններն ընթանում են Մոսկվայում հեռավոր ապագայում։ «Մաֆիա» խաղը հայտնի հեռուստաշոու է։ Բոլորը ցանկանում են մասնակցել։ 11 մարդու թվում կան ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ՝ Մաֆիա։ Հաղթողը կստանա մեծ մրցանակ, իսկ պարտվողը կմահանա։
Իսկ 2015թ. աշնան-ձմռանը կսկսվեն «Երկրաշարժ» ֆիլմի նկարահանումները, որի հիմքում իրական պատմություն է մի ողբերգության մասին, որը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում։
Եվ 2016-ին վարձույթում կհայտնվի կինոկոմիքս-ֆիլմ «Պաշտպանները», որը պատմում է խորհրդային հերոսների մասին, որոնք գործել են Սառը պատերազմի տարիներին։










