Բոննում ցուցադրվել են Բեթհովենի կտակներն ու անձնական այլ փաստաթղթեր

16:08 • 18.12.14

Բոննում գտնվող  Լյուդվիգ վան Բեթհովենի տուն-թանգարանում այսօր բացվել է ցուցադրություն՝ նվիրված գերմանացի մեծագույն  կոմպոզիտորի ժառանգությանը, հայտնում է Deutsche Welle-ն։


Բեթհովենի հակասական էությունն արտացոլվում է հատկապես նրա կազմած 4 փաստաթղթերում։ 1802թ. կտակում երգահանը նկարագրում է կենսական ճգնաժամը, որն առաջացել է արագ զարգացող  լսողության կորստի պատճառով։ Երեք մյուս կտակներն ունեն չեզոք և գործնական բնույթ։


Ցուցադրությունում հատուկ մաս է հատկացված 2-րդ կտակին, որը գրվել է 1823-ին։ Այդ փաստաթուղթը, որը ներկայացրել է անհատ հավաքորդ, 1927-ից անհասանելի է եղել հանրության համար։ Նրանում Բեթհովենն իր ողջ կարողությունը թողնում է Կառլ անունով զարմիկին։ Հաջորդ կտակներում նույնպես Կառլը նշվում է որպես միակ ժառանգ։  Սակայն նրան բաժին է հասել միայն ժառանգության մի մասը։


Բացի կտակներից, ցուցադրությանը ներկայացված են նաև նամակներ և օրագրեր։ Բոննի ցուցահանդեսը կշարունակի աշխատանքը մինչ 2015թ. մայիսի 10-ը։

Բոննում ցուցադրվել են Բեթհովենի կտակներն ու անձնական այլ փաստաթղթեր