Մադոննայի նոր ալբոմը հաքերային հարձակումից հետո հայտնվել է համացանցում
Մադոննայի նոր ալբոմի թողարկումը պետք է կայանար 2015-ի սկզբին, սակայն այն տեղի է ունեցել երեկ։ Պատճառը, ինչպես հաղորդվում է, հաքերների հարձակումն է, որոնք համացանցում տեղադրել են բոլոր 13 երգերը՝ վրդովվեցնելով երգչուհու հավատարիմ երկրպագուներին։
Մադոննան դեռևս չի մեկնաբանել իրավիճակը, գրում է buro247.ru-ն։
Ձայնասկավառակի աշխատանքները դեռ չէին ավարտվել (մասնավորապես՝ Մադոննան դեռ չէր հասցրել հայտարարել պաշտոնական անվանումը), երբ նախորդ շաբաթ համացանցում հասանելի էին դարձել առաջին երգերը։ Այդ ժամանակ երգչուհին դիմել էր երկրպագուներին, որպեսզի վերջիններս օգնեն իրեն գտնել մեղավորներին։ Հավանաբար, դա հաջողություն չէր ունեցել, այդ պատճառով էլ երեկ արդեն հասանելի են դարձել Մադոննայի բոլոր աշխատանքները։










