«Հարցազրույց» ֆիլմը կհայտնվի վարձույթում. Sony ընկերության փաստաբան

10:38 • 22.12.14

Ամերիկյան Sony Pictures Entertainment ընկերությունը վարձույթի կհանի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին «Հարցազրույց» ֆիլմը, հայտնել է ընկերության փաստաբան Դևիդ Բոյեզը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Նրա խոսքով՝ նախկինում Sony ընկերությունը միայն հետաձգել էր ֆիլմի պրեմիերան։ «Մենք ֆիլմը վարձույթի կհանենք։ Թե ինչ կրիչներով այն կթողարկվի, դեռևս ոչ ոք չի կարող ասել, սակայն դա տեղի կունենա»,- նշել է փաստաբանը։

 

Խոսելով ընկերության վրա իրականացված կիբերհարձակման մասին՝ փաստաբանն ընդգծել է, որ «դա ԱՄՆ-ի ազգային անվտանգության խնդիրն է, այլ ոչ թե Sony ընկերության»։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին հաքերները հարձակվել էին ընկերության վրա և գողացել անձնական տվյալներ։ Համացանցում էին տեղադրվել նոր ֆիլմեր, սցենարներ, ինչպես նաև աշխատակիցների անձնական նամակագրությունները։ Բացի այդ, հաքերները սպառնացել են ահաբեկչություններ իրականացնել՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին ֆիլմի պրեմիերայի դեպքում։

«Հարցազրույց» ֆիլմը կհայտնվի վարձույթում. Sony ընկերության փաստաբան