Այս տարի ստեղծագործական բոլոր նպատակներս իրականացրել եմ. Վահան Արծրունի
Եթե արվեստի, մշակութային առումով կայացած երևույթ ունես բեմի վրա, ապա հասարակության մեջ կա հսկայական բանակ, որը պատրաստ է յուրաքանչյուր զոհողության, որպեսզի իր ներկայությունը ապահովի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Վահան Արծրունին` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սոցիալական խնդիրներից դուրս հասարակությունը ժամանակ գտնում է իր հոգևոր պահանջմունքը բավարարելու համար: «Իմ և ո´չ միայն իմ օրինակով կարող եմ ասել, որ դա այդպես է»,-ասաց նա:
Նա նշեց, որ այն, ինչ նախատեսել էր անել 2014 թվականին, արդեն իրականացրել է: «Բազմաթիվ համերգային ծրագրեր, ձայնասկավառակի արտադրություն, աչքիս առաջ ունեցած ստեղծագործական բոլոր նպատակներս արդեն իրականացրել եմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է 2015 թվականին, ապա Վահան Արծրունին ասաց. «Հաշվի առնելով, որ 2015 թվականը Ցեղասպանության հարյուրերոդ տարելիցն է, մենք առավել արդյունավետ պետք է աշխատեցնենք մեր ամբողջ ռեսուրսը` և´ մտային, և´ մշակութային, և´ ստեղծագործական առումներով: Մենք պետք է հասնենք այն նպատակների իրականացմանը, որոնք արդիական են մեր ազգի համար և նույնիսկ՝ կենսական»,-ասաց նա:










