Այս տանը գտնվում է Արմեն Հովհաննիսյանի փառքի անկյունը. հուշատախտակ տեղադրվեց զոհված զինվորականի տան պատին
Այս տանը գտնվում է Արմեն Հովհաննիսյանի փառքի անկյունը: Այսօր Ավան վարչական շրջանի 14-րդ փողոցի 8-րդ տան պատին տեղադրվեց Արմեն Հովհաննիսյանի անունը հավերժացնող հուշատախտակը:
Հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցն է, ՀՀ զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումն է: Այս մասին հուշատախտակի բացման ժամանակ ասաց Ավանի մշակույթի տան փոխտնօրեն Սասուն Առաքելյանը: «Մեր աչքի առաջ նոր սերունդը շարունակում է մեր բանակի և զինվորականության լավագույն ավանդույթները, որոնք դեռևս ձևավորվել են Արցախյան հերոսամարտի օրերին՝ մարտի դաշտում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր, և բռնկված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
https://www.tert.am/am/news/2014/01/20/Azerbaijani-attack/978863
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանն ասաց. «Մենք հողը պետք է պահենք, որ հողը մեզ պահի, ոչ թե շատերի նման ասենք, թե՝ ինչ է մեզ տալիս հայրենիքը, մենք պետք է տանք հայրենիքին»:
Քահանան իր շնորհակալությունը հայտնեց Արմեն ծնողներին և նշեց, որ նրանց տեսնելով` ինքը հզորանում և ուժեղանում է: «Ես խոնարհվում եմ և քահանայական իմ օրհնությունն եմ տալիս այս օջախին»,- ասաց նա:
Հինգերորդ պաշտպանական զորամասի հոգևոր սպասավորը նշեց, որ եկեղեցին, Աստված ասում են, որ մահը վերջը չէ, այլ կյանքի գոյակերպը փոխելն է և սկիզբն է հավիտենական կյանքի: «Արմենն իր արյամբ գծելով հայոց սահմանը այսօր մեզ հետ է: Հինգերորդ պաշտպանական զորամասի յուրաքանչյուր զինվոր և հայորդի իր համար երդում է դարձրել Արմեն անունը: Սա բոլորի սրտի խոսքն ու զգացումն է»,- ասաց նա:
Երկրապահ կամավորականների միության Ավանի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Մարտին Սարգսյանը կոչ արեց բոլոր պատանիներին նմանվել Արմեն Հովհաննիսյան քաջարի զինվորին:
«Արմենը հերոսաբար կռվեց գաղտագողի շան նման սողացող թշնամու դեմ, որոնք ամբողջ կյանքում դարան մտած կատվի նման են հարձակվում սահման պահող զինվորի վրա»,- ասաց նա և նշեց, որ Արմենը անմահ է, և միայն ֆիզիկապես մեզ հետ չէ:
«Արմենը սխրանք գործեց, դրա համար արժանիորեն հանգրվանել է Եռաբլուրում սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մոնթեի ու բոլոր այն հերոսների կողքին, որոնք իրենց արյան վերջին կաթիլը նվիրեցին հայոց ազգին»,- ասաց նա
Նշվեց նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է արիության համար մեդալով, նա այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիրն է: Հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արմեն Հովհաննիսյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրել է առաջին աստիճանի մեդալով:










