Չինաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն

13:40 • 23.12.14

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարը շնորհավորել է Թիան Էրլունին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-չինական մշակութային համագործակցության խորացման և զարգացման գործում դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա:

Անդրադառնալով նախորդ տարիների համագործակցությանը, նախարարը նշել է, որ Հայաստանը մշտապես մասնակցում է Պեկինի միջազգային բիենալեին, իսկ չինացի երաժիշտները՝ Արամ Խաչատրյան մրցույթին, հանդես են գալիս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերի հետ նաև առանձին համերգներով, իսկ չինացի կինոգործիչները մասնակցում են «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և «Ոսկե ծիրան» կինոփառատոներին: Նախարարը կարևորել է նաև Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեությունը, նշելով, որ կենտրոնը ակտիվորեն աջակցում է Հայաստանում չինական մշակույթի տարածմանը:

Զրույցի ընթացքում քննարկվել է 2015 թ. Չինաստանում Հայկական մշակույթի օրեր անցկացնելու ձևաչափը և ժամանակացույցը:

Հանդիպման ավարտին դեսպան Թիան Էրլունին շնորհակալություն է հայտնել նախարար Հ. Պողոսյանին ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար, նշելով, որ Չինաստանում ոչ միայն ծանոթ են հայ ժողովրդի բազմադարյա մշակույթին, այլև հայկական մշակույթի օրերը սպասված և սիրված են չինացի ժողովրդի կողմից:

 

Չինաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն