Փորձեցինք աշխարհը պատկերացնել երեխաների աչքերով. ստեղծվել է Ջոն Լենոնի «Imagine» երգի հայաստանյան տարբերակը (տեսահոլովակ)

12:47 • 25.12.14

Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, «Պանարմենիան հոլդինգի» գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանը, երգիչ Գոռ Սուջյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանն այսօր մամուլի ասուլին ներկայացրին Ջոն Լենոնի հայտի «Imagine»երգի հայաստանյան տարբերակը՝ տեսահոլովակի տեսքով:


Զառա Սարգսյանն ասաց, որ այս նախագիծը նվիրված է  երեխաների իրավունքների հռչակագրի 25 ամյակին: Նա նշեց, որ երգի հայաստանյան տարբերակի ստեղծմանը մասնակցել են նաև աշխարհին հայտնի այնպիսի հայ կատարողներ, ինչպիսիք են « Sistem of a down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, կանադահայ օպերային երգչուհի Իսաբել Բայրակդարյանը, Արտո Թունջբոյաջյանը։ Մասնակցել են նաև շախմատիստ Տիգրան Պետրոսյանն ու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:


Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ եթե չլիներ այն թիմը, որը կազմավորվեց տեսահոլովակը ստեղծելիս, եթե չլինեին UNICEF-ի աղջիկները, ինքը մենակ չէր կարողանա իրականացնել այս ծրագիրը: «Բոլորը աշխատում էին մեկ հոգու նման: Այն կայացավ առանց որևէ նախապատրաստական աշխատանքի»,- ասաց նա և նշեց, իրենք փորձել են պատկերացնել  աշխարհը երեխաների աչքերով: «Ես դիմեցի ռիսկի և որոշեցի, որ պետք է նաև երեխաներ կատարեն երգը, սկզբում մի երեխա, իսկ վերջում՝ հարյուր երեխա»,- ասաց նա:


Հրաչ Քեշիշյանը նշեց, որ այս ծրագրի նպատակը  աշխարհը միավորելն ու միասնական դարձնելն է: «Թե շատ լինեն նման բաներ, աշխարհը ավելի կարեկից կդառնա»,- ասաց նա:


Ալլա Լևոնյանն ասաց, որ ինքը շատ է կարևորում մեր երկրում իրավունքների պաշտպանությունը: «Մենք ունենք հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնց պետք է հավասարը հավասարի նայենք»,- ասաց նա:


Ալլա Լևոնյանը կարծում է, որ մեր երկրում մանկատները շատ են: «Ավելի լավ է երեխան թեկուզ վատ պայմաններում ծնողների, մորաքրոջ, տատիկի հետ ապրի, քան  մի երկու ավելի հագուստ ունենա, տաքուկ պայմաններում ապրի մանկատանը: «Լավ ընտանիքը պետության հիմքն է»,- ասաց նա:


Գոռ Սուջյանն ասաց, որ այս երգն իր  համար շատ հոգեհարազատ է և կարևորեց, որ ծրագիրը վերաբերվում է հենց երեխաներին։ «Ամեն ինչ իդեալական էր, ինչը կածում եմ, որ մեր երկրին պակասում էր»,- ասաց նա:
 

 

 

Փորձեցինք աշխարհը պատկերացնել երեխաների աչքերով. ստեղծվել է Ջոն Լենոնի «Imagine» երգի հայաստանյան տարբերակը (տեսահոլովակ)