2015-ին տարբեր երկրներում լինելու են Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություններ. Հասմիկ Պողոսյան
Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները հատկապես լինելու են Մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում: Տարեվերջյան իր մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Մենք այդ հարյուրամյա տարելիցին մեծ ասելիք ունենք, այդ ասելիքը պետք է ուղղված լինի նախ մեզ, պետք է նշենք, թե ինչ ունենք ասելու ինքներս մեզ, ապա նաև՝ աշխարհին»,-հայտարարեց Հասմիկ Պողոսյանը՝ շարունակելով, թե Մշակույթի նախարարությունը ազգային արխիվի, պատմության թանգարանի, ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնել է մի ցուցահանդես, որը նվիրված է լինելու հետցեղասպանության պատմությանը և դրա վերլուծությանը: Նախարարի փոխանցմամբ՝ այդ ցուցահանդեսը բացվելու է ապրիլին՝ պատմության թանգարանում:
«Տարբեր երկրներում լինելու են Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություններ, որոնք ցուցադրվելու են մեծ էկրաններին»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Նախարարը նաև նշեց, թե մշակույթի ասպարեզում անսպառ ներդրումների կարիք կա.«Սա այն ոլորտն է, որտեղ մասնավորը մեզ հետ գրեթե չի աշխատում»,- նշեց նախարարը:










