21 տարի առաջ՝ այս օրը, հեռացավ հայ բեմի հանճարը՝ Մհեր Մկրտչյանը
21 տարի առաջ կյանքից հեռացավ հայ բեմի ու կինոյի ամենամեծերից մեկը՝ Մհեր Մկրտչյանը կամ Ֆրունզիկը՝ հայ մեծ դերասան, ԽՍՀՄժողովրդական արտիստ: Ֆրունզիկի ֆիլմագրությունն սկվում է 1955 թվականից՝«Հասցեատիրոջ որոնումները» ֆիլմով: Նա հասցրել է նկարահանվել 48 ֆիլմում՝ «Հայֆիլիմի» ու խորհրդային արտադրության ֆիլմերով: Մհեր Մկրտչյանը, սակայն, հայ և միութենական հանդիսատեսին ծանոթ ու սիրելի է իր հատկապես մի քանի կերպարներով. «Միմինո»՝ որպես վարորդ Ռուբիկ Խաչատրյան, «Մեր մանկության տանգոն» ՝ հոր կերպարով, «Հին օրերի երգը»՝ Նիկոլի, «Զինվորն ու փիղը» ֆիլմում՝ Արմենակի, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում՝ Իշխանի, «Եռանկյունի» ֆիլմում՝ դարբնի, «Հայրիկ» «Տղամարդիկ» ,«01-99» «Նվագախմբի տղաները» ֆիլմերում կերտած և շատ ու շատ սիրելի կերպարներով:
Նրա թատերական դերերն առնչվում են Գաբրիել Սուդուկյանի անվան ակակդեմիական թատրոնի և Գյումրու Ասքանազ Մռավյանի անվան թատրոնի հետ, որտեղ ևս կերտել է բազում անմոռանալի կերպարներ:
Tert.am-ի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասան Ռուբեն Բաբայանը, ի պատասխան հարցի, թե ինչու ցայսօր որևէ մեկին չի հաջողվում լրացնել այն տեղը, որը ունի Ֆրունզիկը, ասաց. «Ընդհանրապես ՝ արվեստում հնարավոր չէ որևիցե մեկի տեղը լրացնել, առավել ևս՝ Ֆրունզիկ Մկրտչյանի, որովհետև նա մի յուրահատուկ երևույթ էր: Ռուսներն ասում են՝ աստված համբուրել է նրա ճակատը: Դա նշանակում է, որ նա հանճար էր, և այդ հանճարը զգացվում էր ամեն ինչում՝ սկսած իր ուսանողական տարիներից, վերջացրած կինոյի ու թատրոնի իր դերերով: Թատրոնում երբ նա խաղում էր, ամբողջ տեխնիկական կազմը հավաքվում էր կուլիսներում՝ դիտելու, թե նա ինչպես է խաղում, որովհետև նա երբեք չէր կրկնվում»:
Ռուբեն Բաբայանի խոսքով՝ Մհեր Մկրտչյանի հանճարի մեծագույն արտացոլումն այն էր, որ նա կարողանում էր համատեղել ողբերգականն ու կոմիկականը: Եվ կոմիզմն ու ողբերգությունը անբաժանելի էին Ֆրունզիկի յուրաքանչյուր դերում:
Ռուբեն Բաբայանն անձնապես Ֆրունզիկի հետ շփվելու բախտ չի ունեցել, սակայն նրա հայրը եղել է Մհեր Մկրտչյանի ընկերը, ու հորից լսել է, որ մի անգամ Ֆրունզիկի հետ Լենինական ուղևորվելիս տեղ են հասել ոչ թե 2-3 ժամում, այլ 12 ժամ հետո, որովհետև ամեն տեղ մարդիկ կանգնեցրել են, զրուցել, փորձել իրենց սերը արտահայտել արտիստի նկատմամբ: Ֆրունզիկն էլ չէր կարողանում որևէ մեկին մերժել, ու ամեն մի հանդիպումը դառնում էր տոնակատարություն:
Մհեր Մկրտչյանի գաղտնիքը , որ նրան սիրում են բոլոր սերունդները՝ ավագ, միջին, երիտասարդ, և անգամ սերունդը, որը Ֆրունզիկի մահվանից հետո է լույս աշխարհ եկել, Ռուբեն Բաբայանը բացատրում է նրա ժողովրդական դերասան լինելով, ո´չ թե կոչումով, թեև դա էլ ուներ, այլ իսկապես ժողովրդական դերասան լինելով:
«Նա կարողնում էր արտահայտել բոլոր այն զգացմունքները, որոնք հատուկ են բոլորին, որոնք դասակարգման չեն ենթարկվում, և այդ էր պատճառը, որ նրան սիրում էր ինչպես հավաքարարը, այնպես էլ՝ մտավորականը, նրան սիրում էին ինչպես տարբեր տարիքի մարդիկ, այնպես էլ՝ տարբեր ազգությունների»,-ասաց արվեստագետը՝ ամփոփելով, որ Ֆրունզիկը ամբողջական էր իր ամեն ինչով, նույնիսկ՝ իր հանրահայտ քթով, որի մասին մի անգամ ասել էր, որ եթե այն վիրահատի, էլ ու՞մ է պետք:
Նրա հետ աշխատած գործընկերները պատմել են, որ Ֆրունզիկը անկանխատեսելի էր դերերը կերտելիս: Ռուբեն Բաբայանն, օրինակ, ծանոթ է «Միմինոյի» ռեժիսորի հուշերին, ու ասում է, որ ֆիլմի գրեթե բոլոր թևավոր արտահայտությունները, դատարանում նրա՝ «Վա˜յ, մամա ջան, էս ի՞նչ է կատարվում» խոսքը , բոլորը Ֆրունզիկ Մկրտչյանի իմպրովիզներն էին:










