Յուղոտ ըմբշամարտ, սուլոցի լեզու. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված ամենատարօրինակ ավանդույթները (լուսանկարներ)
Աշխարհը, անշուշտ, տարօրինակ մշակութային ավանդույթների պակաս չունի. դրանց մի մասն անգամ ներառվել է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ավանդույթների պահպանման ցանկում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 2008թ. ի վեր այդ ցանկում է ներառվել 281 ավանդույթ, որոնք պատկանում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող ազգերին ու ցեղախմբերին:
Բրիտանական պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված ամենատարօրինակ մշակութային ավանդույթները:
1. Կորեացի հողագործների պարը

Չինաստանի հյուսիս-արևելյան հատվածում բնակվում են էթնիկ կորեացիներ, ովքեր հողի աստծուն գոհացնելու համար պարում են հատուկ պար:
2. Իսպանիայի մարդկային աշտարակները

Այս ավանդույթը ներառվել է ցանկում 2010թ.: Մարդկային աշտարակներն ամենամյա տոնակատարությունների ժամանակ կառուցում են կամավորները` կատալոնական քաղաքներում:
3. Կոստա Ռիկայի նախշազարդ սայլերը

Կոստա Ռիկայի ավանդական նախշազարդ սայլերը թվագրվում են 19-րդ դարին: Դրանք օգտագործվել են սուրճի հատիկները տեղափոխելու համար: Նշվում է, որ սայլերը ներկայացրել են դրա տիրոջ սոցիալական դիրքը:
4. «Յուղոտ» ըմբշամարտի փառատոն

Թուրքական Էրդին քաղաքում ամեն տարի անցկացվում է «յուղոտ» ըմբշամարտ, որի մասնակիցները մենամարտից առաջ մարմինները պատում են ձեթով: Այս մենամարտին կարող են մասնակցել բոլոր տարիքի տղամարդիկ` անկախ կրոնական և ռասայական պատկանելությունից:
5. Լա Գոմերա կղզու սուլոցի լեզուն

Կանարյան կղզիախմբի Լա Գոմերա կղզու բնակիչները (22.000 բնակիչ) շփվում են սուլոցի միջոցով: Այս լեզուն 1999թ. ի վեր սկսել է դասավանդվել դպրոցներում:











