Ամանորը մեր անբաժան ընտանիքում. նոր ֆիլմ՝ Հանրային հեռուստաընկերության տոնական եթերում (լուսանկարներ)
Դեկտեմբերի 31-ին և նախորդող օրերին Առաջին ալիքի բոլոր հաղորդումները եթեր կհեռարձակվեն տոնական ձևաչափով, իսկ երեկոյան Առաջին ալիքի հեռուստադիտողների համար նոր և հետաքրքիր ծրագիր է նախատեսված:
Այս մասին հայտնում են Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից։
Տարեմուտի գիշերը՝ ժամը 23:00-ից սկսած, Հանրայինի եթերում կլինի նոր «Ամանորը մեր անբաժան ընտանիքում» խորագրով կատակերգական ամանորի ֆիլմը, որի իրադարձությունների կենտրոնում Երևանում բնակվող Արամյանների ընտանիքն է:
Ընտանիքը ներկայացված է բոլոր սերունդներով` սկսած Շահանե տատիկից, որը Խորհրդային Միության տարիներին եղել է շրջկոմի քարտուղարի տիկինը, վերջացրած թոռնիկներով, ովքեր ինտերնետի և ժամանակակից տեխնոլոգիաների մոլի երկրպագուներ են: Մոտենում է Ամանորի գիշերը, բայց փոքրիկ խնդիրները, որոնք ունեին ընտանիքի բոլոր անդամները, կարծես չեն լուծվում: Սակայն ինչ Նոր տարի, երբ լուծված չեն բոլոր հարցերը. դրանք կլուծվեն Ամանորի սեղանի շուրջ: Ֆիլմում նկարահանվել են Հրանտ Թոխատյանը, Նարեկ Դուրյանը, Լևոն Հարությունյանը, Լալա Մնացականյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Լուիզա Ներսիսյանը, Թամարա Պետրոսյանը, Արմեն Մարգարյանը, այլք: Ֆիլմի ռեժիսորը Արկա Մանուկյանն է, գլխավոր պրոդյուսեր Ռուդիկ Տեր- Գալստյան:
Տոնական ֆիլմը կընդմիջվի հայ սիրված երգիչ-երգչուհիների կատարումներով, ովքեր կներկայանան նոր, հետաքրքիր և ամենաանսպասելի կերպարներով:
Առաջինը հեռուստադիտողներին դեկտեմբերի 31-ին կուղեկցի նաև դեպի իրական հեքիաթ, որի անունն է Լապլանդիա: Նկարահանող խումբն «այցելել է» այդ հեքիաթային վայր ու տեսել՝ ինչպե՞ս է պատրաստվում Սանտա Կլաուսը Ամանորին։ Հեռուստաֆիլմի հեղինակ Արևիկ Ուդումյանը կպատմի և ցույց կտա, թե ինչպես է ապրում ամենաիրական Ձմեռ պապը, ինչպես է անցնում իր առօրյան, ինչի մասին է երազում, սպասում և թե ինչպես է խոսում հայերեն:
Տոնական օրերին Հանրայինի ողջ եթերացանցը հագեցած կլինի նաև հայկական և արտասահմանյան սիրված ֆիլմերով և համերգներով: Բացառիկ իրավունքով կցուցադրվեն 20th century Fox, Disney, Warner Bros, Universal և այլ հայտնի ընկերությունների՝ ամանորի թեմայով ֆիլմեր և մուլտֆիլմեր, որոնց շարքում են «Տանը մենակ», «Նարնիայի ժամանակագրություն», «Սանտա Փաուսին փնտրելիս», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Սառցե դարաշրջան», «Հրեշների ընկերություն», «Նվերներ բաժանելու պահը», «Կարիբյան ծովահենները. սև մարգագետնի անեծքը» և այլն. դրանք իհարկե կցուցադրվեն հայերեն կրկնօրինակմամբ:














