Օլիվեր Սթոունը մեկնաբանել է Ուկրաինայի նախկին նախագահի հետ հարցազրույցը
Հայտնի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը, ով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած հարցազրույցով հակասական մեկնաբանությունների ալիք էր բարձրացրել, փորձել է բացատրել իր դիրքորոշումը, գրում է РИА Новости-ն:
«Դիմում եմ նրանց, ովքեր դժգոհ են Ուկրաինայում իրավիճակի իմ վերլուծությամբ: Խնդրում եմ ձեզ` փորձեք հասկանալ իմ դիրքորոշումը: Ես չեմ պաշտպանում Յանուկովիչին, նա կարող է լինել Ուկրաինայի ամենակոռումպացված նախագահը երկրի ամբողջ պատմության ընթացքում: Սակայն դա չէ կարևորը: Կարևորն այն է, թե ինչպես են Յանուկովիչին հեռացրել»,- ասել է ռեժիսորը:
Սթոունը ևս մեկ անգամ նշել է, որ գոյություն ունեն այդ իրադարձություններում արևմտամետ արտաքին ուժերի ազդեցության ապացույցներ: Նա նշել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի և ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնի անունները:










