Ժամանակակից արվեստի 2015 թ-ի գերակա ուղղությունը թատերական արվեստն է. 2014թ-ի արդյունքները՝ Արմենուհի Ղազարյանի գնահատմամբ

22:10 • 04.01.15

Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ժամանակակից արվեստի  2015 թվականի գերակա ուղղությունը թատերական արվեստի զարգացմանն ուղղված ծրագրերն են: Նա գոհացուցիչ համարեց 2014 թվականի գերակա ուղղության` երգչախմբային արվեստի զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունքները: 

 

Անդրադառնալով արվեստագետների նկատմամբ պետական ուշադրությանը`նա նշեց. «Պետության կողմից մշակվում են այնպիսի մեխանիզմներ, որպեսզի կարողանանք շեշտադրում անել ո´չ միայն նյութականի վրա, այլ նաև՝ հոգևորի, այսինքն` նրանց բարոյական կողմի ապահովման խրախուսման վրա»:

 

Արմենուհի Ղազարյանը նշեց նաև, որ այս տարի բազմաթիվ ծրագրեր կան` կապված Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ: «Մշակույթն այն լեզուն է, որով կարելի է այս ողբերգությունը ներկայացնել աշխարհին»,-ասաց նա:

 

-2014 թվականի գերակա ուղղությունները որո՞նք են եղել, և արդյո՞ք բավարար եք համարում կատարված աշխատանքը:

 

-Ժամանակակից արվեստի զարգացման ուղղություններն են՝ թատերական, երաժտական արվեստը, կերպարվեստը, կինոն և մշակութային կրթությունը: Այդ ուղղություններով իրականացվում են համապատասխան պետական ծրագրեր, որոնք լինում են տարբեր ձևաչափերով: Մենք երբեք աշխատանքները  բավարար չենք համարում, սակայն ամեն տարի ընտրելով որոշակի գերակա ուղղություն՝ փորձում ենք այդ ոլորտին առավել ուշադրություն դարձնել և պետական ծրագրերն այդ ուղղությամբ մի քիչ ավելի ընդլայնել: Փորձում ենք հավասարաչափությունը պահպանել, որպեսզի ժամանակակից արվեստը զարգանա բոլոր ոլորտներով: 2014 թվականի գերակա ուղղությունը երգչախմբային արվեստն էր` Կոմիտասի  145 ամյակի հետ զուգընթաց:

 

-Արդյունքները գոհացուցի՞չ եք համարում:


-Արդյունքները գոհացուցիչ են, որովհետև իսկապես այդ ոլորտում ո´չ միայն երգչախմբերն են տարեցտարի ավելանում, հատկապես՝ մանկապատանեկան երգչախմբերը, այլև՝ ծրագրերն են ընդլայնվում:

 

-2015 թվականի գերակա ուղղությունը ո՞րն է:

 

-2015 թվականի գերակա ուղղությունը  թատերական արվեստի զարգացմանն ուղղված ծրագրերն են, որոնք  քննարկվել են:

 

-Արդյո՞ք մեր ժամանակակից արվեստի ոլորտները մցունակ են միջազգային ասպարեզում:

 

- Ե´վ մեր կատարողական արվեստն է  մրցունակ, և´  երգչախմբային, և´ նվագախմբային: Վերջին շրջանում արտերկրյա տարբեր հյուրախաղերի արձագանքներն իսկապես դրական էին, դրանք  լուսաբանվում էին ո´չ միայն Հայաստանում, այլև՝ արտասահմանում: Լուրջ արձագանքներ կան, և ստեղծագործական կոլեկտիվներն արդեն  2015 թվականի համար ունեն նոր հրավերներ:

 

-Հաշվի առնելով այդ հրավերները` արդյո՞ք մենք չենք կորցնում մեր արվեստագետներին,  որոնք շահավետ առաջարկներ ստանալով՝ հեռանում են երկրից:

 

-Դրա համար  պետությունը նույնպես քայլեր է ձեռնարկել: Միայն այն հանգամանքը, որ ստեղծվեց Հայաստանի երիտասարդական նվագախումբը, այդ կարևորագույն նպատակներից մեկն էր, որպեսզի մեր ստեղծագործ երիտասարդները կարողանան այսօր իրենց ստեղծագործական դաշտն ունենալ իրենց երկրում գործելու և արարելու համար: Բացի այդ,  հնարավորություններ են ընձեռվում երիտասարդներին, որպեսզի  նրանք տարբեր ծրագրերի, վերապատրաստման դասընթացների միջոցով աջակցություն ստանան:

 

-Ձեր կարծիքով՝ արվեստագետն  ըստ արժանավույնս գնահատվա՞ծ է մեր երկրում:

 

-Բոլորիս մտահոգությունն է, որ ավելին արվի: Դրա համար պետության կողմից մշակվում են այնպիսի մեխանիզմներ, որպեսզի կարողանանք շեշտադրում անել ո´չ միայն նյութականի վրա, այլ նաև՝ հոգևորի, այսինքն` նրանց բարոյական կողմի ապահովման խրախուսման վրա: Վերջին 5-6 տարվա ընթացքում իսկապես լուրջ քայլեր են արվել, որոնց մասին միգուցե լայն ինֆորմացիա չկա: Շատ կարևոր քաղաքականություն է իրականացվում մարզերի բնակչության մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ:

 

-Այսինքն՝ աջակցության անհրաժեշտություն տեսնում եք ո´չ  միայն ֆինանսական առումով, այլ նաև՝ վերաբերմունքի՞ առումով:

 

-Այո´, վերաբերմունքի առումով նույնպես փորձում ենք ուշադրություն դարձնել այդ արվեստագետներին՝ տարբեր տեսակի աջակցությունների կամ որոշակի ծրագրերի ուղղությամբ: Ուշադրություն ենք դարձնում դեռ մանուկ հասակից տաղանդաշատ երեխաների կարողությունների զարգացմանը: Շատ կարևոր է տաղանդաշատ երեխաների դաստիարակությանը, կրթությանն ուղղված ծրագրերը:

 

-Չնայած նշում եք, որ այդքան ծրագրեր են իրականացվում, սակայն շատերի, այդ թվում՝ արվեստագետների կողմից  քննադատվում է նախարարության աշխատանքը` նշելով, որ անհրաժեշտ մշակութային քաղաքականություն չի իրականացվում:

 

-Սա մի քիչ ինֆորմացիայի պակասի արդյունք է: Պետությունն անբավարար է համարում այն, ինչ կարողանում է իրականացնել, որովհետև  մշակույթն ստեղծագործող, զարգացող ոլորտ է: Մենք միշտ բոլոր ոլորտներին փորձում ենք հավասարաչափ անդրադառնալ:

 

-Հաշվի առնելով, որ այս տարի  Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն է, և մշակույթն իր դերն ունի այդ ոճրագործությունը աշխարհին ներկայացնելու առումով, այս ուղղությամբ ի՞նչ ծրագրեր կան, առավելևս, որ արդեն անհատական մակարդակում կան նախաձեռնություններ:

 

-Ծրագրերը շատ բազմազան են: Մշակույթը միջոց է, որ ներկայացնի և աշխարհին  հասցնի մեր ողբերգական էջը: Մանրամասնել և կոնկրետացնել հնարավոր չէ այդ ամբողջ ծրագրերը, որովհետև դրանք հսկայական են:  Մշակույթն այն լեզուն է, որով կարելի է այս ողբերգությունը ներկայացնել աշխարհին:

 

 

 

Ժամանակակից արվեստի 2015 թ-ի գերակա ուղղությունը թատերական արվեստն է. 2014թ-ի արդյունքները՝ Արմենուհի Ղազարյանի գնահատմամբ