Սուրբ ծննդյան տոնը պետք է անցկացնել եկեղեցում՝ աղոթքով, ոչ թե տանը` ճոխ սեղանների առջև. քահանա
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցը, ինչի համար բոլոր եկեղեցիներում այսօր երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ:
Տեր Եսայի քահանա Արթենյանը Tert.am-ի հետ զրույցում բացատրեց, որ եկեղեցական տոնը սկսվում է այսօր ժամը 17.00-ից, քանի որ եկեղեցու ծիսական կյանքում գործում է օրերի այլ հաշվարկ:
«Ծիսական արարողակարգի համար օրը փոխվում է ոչ թե գիշերը 12-ից, այլ երեկոյան ժամերգությունից հետո: Երբ որ հունվարի 5-ի երեկոյան ժամերգությունը ավարտվում է, մեզ մոտ սկսվում է հունվարի 6-ը: Հունվարի 5-ի արարողությունը հաճախ անվանում ենք նաև նախատոնակ, և միշտ եկեղեցում կարևոր տոնից առաջ անպայման կատարվում է նախատոնակ»,-ասաց քահանան:
Տեր Եսային նշեց, որ «Ճրագալույց» նշանակում է ճրագները վառել, այսինքն, այսօր մարդիկ պատարագից հետո մոմերը տուն կտանեն և կլուսավորեն նաև իրենց տները, որոնք խորհրդանշում են աստվածային լույսն ու եկեղեցու օրհնությունը:
«Ճրագներ վառելը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որն ուղեկցեց մոգերին դեպի նորածին Հիսուսը»,- մեկնաբանեց քահանան և նշեց, որ Ծննդյան պատարագից հետո մարդիկ դուրս են գալիս մեկշաբաթյա պահքից, ինչպես նաև դեկտեմբերի 5-ին սկսված ծոմից:
Ըստ քահանայի` սուրբծննդյան տոները շարունակվում են մինչև հունվարի 13-ը` Հիսուսի անվանակոչության օրը։
«Հունվարի 13-ին մարդիկ 8-օրական Քրիստոսին բերում են տաճար անվանակոչության` անունը կնքելով Հիսուս, որը նշանակում է Փրկիչ»,-ասաց քահանան և ընդգծեց, որ ոչ միայն հոգևորականների, այլ ցանկացած քրիստոնյայի համար ավելի կարևոր են Սուրբ ծննդյան տոները, քան Նոր տարին:
Տեր Եսային հիշեցրեց, որ վաղը ժամը 11.00-ին առաքելական բոլոր եկեղեցիներում կտրվի Սուրբ Ծննդյան պատարագ, իսկ հաջորդ օրը Մեռելոցն է, որի դեպքում կկատարվի Մեռելոցի Սուրբ պատարագ:
Քահանան ընդգծեց, որ Սուրբ ծննդյան տոնը նշում են հիմնականում և բացառությամբ եկեղեցում, ոչ թե տանը ճոխ սեղանների առաջ նստած: «Այն պետք է անցկացնել եկեղեցում՝ պատարագին մասնակցելով, աղոթքով ու հաղորդություն ստանալով»,-ասաց նա:










