Քրիստոս ծնավ և հայտնեցավ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծնունդը
Հայ Առաքելական եկեղեցին այսօր` հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ:
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Սուրբ Ծննդյան հանդիսավոր Պատարագ կմատուցի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ըստ Qahana.am-ի՝ Ս. Պատարագի ավարտին կկատարվի Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Ս. Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց, թե Սուրբ Ծնունդը քրիստոնեության մեջ ամենակարևոր տոներից է:
«Քրիստոսի ծնունդով մարդկությանը հայտնվեց ինքը՝ Աստված: Եթե նախկինում մարդիկ պաշտում էին Աստծուն, որին չէին տեսել, բայց հավատում էին, ընդունում էին Նրա խոսքը, այլևս Աստված մարդու կերպարանք առնելով՝ հայտնվեց մարդկանց մեջ: Սրանից հետո մարդկությունը արմատապես փոխվեց ամեն ինչով: Անգամ ժամանակաշրջանը ինքնին փոխվեց: Մենք պետք է այսօր գտնենք նախևառաջ Աստծուն մեր մեջ և Սուրբ Ծննդյան միջոցով այս ամենը մարդ պետք իր մեջ վերստին արժևորի»,- ասաց նա:
Խոսելով տոնի խորհրդից՝ Տեր Բաբկենը նշեց, որ Սուրբ Ծննդյան խորհուրդն իր մեջ պարունակում է փրկագործությունը. «Քրիստոսի ծնունդը յուրաքանչյուր քրիստոնյայի համար ամենաուրախալի լուրն է: Այդ օրը մենք միմյանց ողջունում ենք Քրիստոսի ծննդյան գեղեցիկ ավետիսով և ասում` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» և պատասխանում` «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:
Քահանայի խոսքով՝ Քրիստոս հրաշագործեց որպես մարդ և Աստված, խաչվեց` որպես մարդ և որպես Աստված, որպեսզի մեր մեղքերին քավություն տա: «Ահա թե ինչու Քիստոս ծնվեց, եկավ այս աշխարհ և մարդու կերպարանքը ստացավ: Աստված մարդուն պատվեց այն աստիճան, որ ինքը մարդու կերպարանքով երևաց մեզ»,- ասաց նա:
Նշենք, որ Հիսուսի ծնունդը եղել է Օգոստոս կայսեր օրոք, երբ նրա հրամանով կայսրությունում մարդահամար էր անցկացվում: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սբ. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ է գալիս: Երբ Ս.Կույսի հղիության օրերը լրանում են, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չի գտնվում, նրանք ստիպված մի քարայրի մեջ են տեղավորվում, որտեղ էլ ծնվում է Հիսուսը:
«Աստծո որդին մի անփառունակ քարայրում՝ աղքատության մեջ ծնվեց, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, և յերկիր խաղաղութիուն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից մոգեր եկան, որոնց մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, նրան ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները»,-ներկայացնում է Qahana.am-ը:










