Միգուցե ես անում եմ այն, ինչը որևէ մեկը չի համարձակվում անել. Հրաչ Քեշիշյան
2014 թվականը շատ բուռն էր, աշխատանքային երկու ֆիլմ էկրան բարձրացավ և հիմա նախատեսում ենք «Մեր սրտի տնակը» ֆիլմը Հայաստանից դուրս տարածել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:
Ինչ վերաբերում է 2015 թվականին, ապա նա նշեց, որ այս տարի շատ ծրագրեր ունի: «Ես արդեն հունվարի 20-ից սկսում եմ նոր ֆիլմի նկարահանումները, ֆիլմը կոչվում է «Որսի կանոնները» և այն ռուսական պետական առաջատար հեռուստատեսություններից մեկի արդեն երկրորդ պատվերն է»,- ասաց նա:
Հարցին, թե մի ժամանակ Ձեր անունն ավելի շատ էր շրջանառվում, հիմա ինչպես եք գնահատում մյուս ռեժիսորների ակտիվությունը, Հրաչ Քեշիշյանը պատասխանեց.«Շատ դրական եմ գնահատում, շատ ողջունում եմ, կանգնած եմ բոլոր իմ այն ընկերների կողքին, ովքեր ունեն իմ օգնության կարիքը: Կարող եմ իմ թիմով օգնել յուրաքանչյուր նոր սկսվող գործին, երիտասարդ ստեղծագործողին»,- ասաց նա և դրական համարեց նաև մրցակցության գործոնը: «Մրցակցության դեպքում դու միշտ զգոն ես և փորձում ես դառնալ ավելի լավը: Առանց մրցակցության չկա զարգացում»,- ասաց նա և ուրախալի համարեց ակտիվ գործընթացը:
«Իմ անունը շրջանառվում էր, որովհետև միգուցե ես կարողանում էի ճիշտ ներկայացնել այդ ամենը, միգուցե ես անում եմ այն, ինչը որևէ մեկը չի համարձակվում անել: Ցանկացած երկրում, ցանկացած ոլորտում պետք է միշտ մեկը լինի, ով առաջինն է քայլում, տանում է՝ և՛ քննադատությունների, և՛ փառքի ծանր բեռն իր ուսերին: Երևի ես էի այդ մեկը»,- ասաց նա:
Ինչ վերաբերվում է դիտարկմանը, թե հիմնականում կարծեք կատակերգական ժանրն է մեզ մոտ զարգանում, կինոռեժիսորը պատասխանեց.«Կինոն չունի սահմանում և կինոն ունի սահմանում: Եթե մեզ մոտ զարգանում է ժանրային կինոն, դա լավ ցուցանիշ է, որովհետև հենց դրա միջոցով հանդիսատեսին պետք է կրթել և բերել կինոթատրոն: Այդ կրթությունը չուենցող հանդիսատեսը չի ընկալում, երբ նրան միանգամից հրամցնում ես լուրջ ֆիլմ: Նախևառաջ մենք մոռացել էինք կինո գնալը, հիմա հանդիսատեսը կամաց-կամաց հետ է գալիս կինոթատրոն: Հիմա երիտասարդները հասկանում են, որ կինո գնալը հետաքրքիր պրոցես է»,- ասաց նա և նշեց, որ եթե այդ ձևով հանիսատեսը կինոդահլիճ վերադառնա, հետո կլինեն ամենալուրջ ֆիլմերը:
Չնայած դրան` Հրաչ Քեշիշյանը նշեց.«Իմ բոլոր ֆիլմերը մեծավմասամբ մելոդրամաներ և դրամաներ են, և ես չեմ կարծում, որ հանդիսատեսը չի սիրում դրամա, կենսագրական ֆիլմեր նայել: Հանդիսատեսին պետք է տալ պարզապես որակյալ և հասկանալի նյութ»:










