Թբիլիսիում Սերգեյ Փարաջանովի 91-ամյակին նվիրված երեկո կանցկացվի
Վրաստանի ազգային գրադարանում` Թբիլիսիում այսօր կկայանա կինոռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի 91-ամյակին նվիրված երեկո։ Միջոցառման կազմակերպիչն է Վրացահայերի միությունը, գրում է newsgeorgia.ru-ն։
«Մենք կազմակերպել ենք երեկոն Վրաստանի մշակույթի նախարարության և Երևանում Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ։ Երեկոն կբացվի Յուրի Մեչիտովի լուսանկարների և նկարիչ Արտյոմ Ալաբուլյանցի աշխատանքների ցուցադրությամբ։ Այնուհետև Թբիլիսիում Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասանները կկարդան Սայաթ-Նովայի ստեղծագործությունները»,- նշել է Վրացահայերի միության ներկայացուցիչ Մարիամ Առաքելովան։
Նրա խոսքով՝ երեկոյի ընթացքում կներկայացվի նաև վավերագրական ֆիլմ՝ նվիրված Փարաջանովին, հյուրերի համար ելույթ կունենա «Ռուսթավի» վրացական ազգային պարերի անսամբլը և «Ջեյրան» հայկական ազգային պարային խումբը։
Երեկոյի մուտքն ազատ է։










