Հունվարի 9-ը Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է. նա կդառնար 91 տարեկան

16:00 • 09.01.15

Հունվարի 9-ը 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 91 տարեկան:


Tert.am-ի հետ զրույցում Փարաջանովի անվան տուն-թանգարանի աշխատակիցն ասաց, որ ինչպես միշտ՝ կայցելեն պանթեոն՝ նրա շիրմին, հետո էլ թանգարանում մտերիմներով կնշեն ծնունդը:


«Ծննդյան օրն ավանդաբար գնում ենք պանթեոն, որտեղ ներկա են լինում իր ընկերները, թանգարանի բարեկամները: Հետո վերադառնում ենք թանգարան: Ավանդաբար հունվարի 9-ին թանգարանը հարիսա է հյուրասիրում իր հյուրերին՝ մարդկանց, ովքեր Փարաջանովի ընկերներն են, մտերիմներն են, իրեն հիշում, վերհիշում են»,-ասաց թանգարանի աշխատակիցը:


Ըստ Վիքիպեդիայի՝ Փարաջանովի հակասական, բարդ և զգայուն էությունն իր արտացոլումն է գտել նրա ֆիլմերում։ Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներն» է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել։


Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1969), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։

Բացի ֆիլմերից՝ ռեժիսորն աշխատել է նաև կոլաժային ստեղծագործությունների վրա։ Շատ աշխատանքներ ներկայացվել են ցուցահանդեսներում։

Սերգեյ Փարաջանովը մահացել է 1990թ. հուլիսի 21-ին՝ թոքերի քաղցկեղից, Երևանում, ուր նա ժամանել էր «Խոստովանություն» ինքնակենսագրական ֆիլմի աշխատանքների համար։

Հունվարի 9-ը Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է. նա կդառնար 91 տարեկան