Անջելինա Ջոլին խոստովանել է` երբ և ինչպես է իրականում ամուսնացել Բրեդ Փիթի հետ (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին վերջապես խոստովանել է, որ իրենք Բրեդ Փիթի հետ պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը նախքան հարսանեկան արարողությունը, որը կազմակերպել էին Ֆրանսիայում, գրում է Комсомольская правда-ն:
Այն մասին, թե երբ և ինչպես են Հոլիվուդի ամենահայտնի աստղերն իրականում ամուսնացել, դերասանուհին պատմել է IO Donna ամսագրին տված հարցազրույցում: Ջոլին խոստովանել է, որ իրենք ամուսնացել են արարողության նախօրեին` ԱՄՆ-ում:
«Նախքան Ֆրանսիայում կկայանար մեր հարսանեկան արարողությունը երեխաների և հարազատների մասնակցությամբ, մենք Բրեդի հետ ամուսնացել ենք Կալիֆորնիայում: Որպես ամերիկացիներ` մենք չէինք կարող օրինական ամուսնանալ Ֆրանսիայում»,- պատմել է Ջոլին:
Անջելինան պատմել է, թե ինչպես են իրենք պաշտոնապես կին և ամուսին դարձել. ի տարբերություն Ֆրանսիայում ճոխ արարողության` ԱՄՆ-ում ամեն ինչ անցել է շատ սովորական:
«Մի անգամ ես պարզապես ասացի Բրեդին` արի հանդիպենք 4:30: Ես հրավիրեցի նրան դատարան, և մենք ստորագրեցինք թղթերը»,- պատմել է դերասանուհին:
Այնուհետև իրենց ֆրանսիական կալվածքում զույգը կրկնել է ամուսնական երդումներն այն նույն դատավորի առաջ, ով գրանցել էր նրանց Կալիֆորնիայում:
















