Լ. Ենգիբարյանի 80-ամյակին նվիրված երեկոն կուշանա, փոխարենը կունենանք ժամանակակից կրկես. Սոս Պետրոսյան
Երևանի պետական կրկեսի շենքի կառուցումը, թեև նախատեսվում էր ավարտել հայ մեծանուն ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին ընդառաջ, որը լրանում է այս տարի, սակայն կրկեսային դպրոցը ողջ տարի համերգային շրջագայություններ կանցկացնի ՀՀ բոլոր մարզերում, իսկ շենքի բացումը կնշանավորվի հոբելյանական երեկոյով: Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
«Ցավոք, կրկեսը պատրաստ չի լինի, իսկ ես բոլորից շատ եմ շտապում այդ հարցում, բայց ասում են, որ աշխատանքները կավարտեն 2015թ-ի վերջին կամ 2016-ի սկզբին: Հիմա ձմեռ է, բայց մեզ մոտ աշխատանքները շարունակվում են, ինչը հույս է ներշնչում, որ իսկապես նշված ժամանակահատվածում շենքը պատրաստ կլինի»,– ասաց նա:
«Իսկ արդեն նոր շենքում առաջին ներկայացումը կնվիրենք Լեոնիդ Ենգիբարյանին, թեև մեկ տարի ուշացումով, և կհրավիրենք աշխարհի տարբեր ծայրերից կրկեսի դերասանների, կրկեսային միությունների նախագահների և հյուրախաղերի մեկնած մեր դերասաններին»,- ասաց նա և ավելացրեց, որ հանուն ժամանակից պահանջներին համապատասխանող կրկես ունենալու համար, արժե ևս մեկ տարի սպասել:
Հարցին, թե կրկեսի շենքի բացակայության պայմաններում ինչով է զբաղված ստեղծագործական խումբը, Սոս Պետրոսյանը պատասխանեց, որ բոլոր հիմնական դերասանները մեկնել են արտերկիր՝ հյուրախաղերի:
«Մեզ մոտ չկա մի ազատ դերասան, որը անգործ լինի: Կրկեսը թատրոն չէ, որ ստեղծագործական խումբը նստի սպասի էսօր Սունդուկյան բեմադրեն, վաղը՝ Շեքսպիր: Այ, երբ որ մեզ պետք լինի, շենքը պատրաստ լինի պայմանագիր կկնքենք ինչ-որ ժամանակով ու կհրավիրենք մեր դերասաններին այստեղ»,– ասաց նա:
«Ուրիշ բան է, որ մենք ունենք Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց, որը գործում է կրկեսին կից, քանի որ կրկեսը կառուցվում է, մենք վարձակալել ենք նախկին առևտրի տան մշակույթի տունը և այնտեղ անցկացնում ենք մեր պարապմունքները: Ստուդիայի սաները, որպեսզի ունենան պրակտիկա, բարեգործական հիմունքներով մենք ամբողջ մարզերով մեկ երեխաներին ուղարկում ենք հյուրախաղերի: Այս տարի եղել ենք Շիրակի մարզում, Լոռիում, Արցախում, Սյունիքում»,- ասաց նա:
Սոս Պետրոսյանն ընդգծեց, որ հենց այս դպրոցի սաները 2015թ-ի ընթացքում Ենգիբարյանի 80-ամյակի կապակցությամբ կլինեն բոլոր մարզերում, ներկայացումներ կունենան և բարձր կպահեն կրկեսի պատիվը:
«Հունվարի 25-ից մենք նորից ընդունելություն կսկսենք դպրոցում, մեզ մոտ ուսումը անվճար է, ունենք լավ մարզիչներ, ունենք պլաստիկայի, պարարվեստի դասընթացներ: Այսօր ամբողջ աշխարհում կա կրկեսի դերասանի պահանջ, և մեր դերասանները հաջողություններ են ունենում արտասահմանում: Այսօր չկա մի օր, որ ես չստանամ պահանջ, որ կարիք կա ծաղրածուի և կրկեսի այլ դերասանի»,- ասաց նա:
Հարցին, թե ներկայումս որտեղ են գտնվում կրկեսի կենդանիները, Սոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ նրանց մեծ մասը դերասանների հետ մեկնել են հյուրախաղերի, և շենքի կառուցումից հետո դերասանների հետ կվերադառնան նաև կենդանիները:










