Մուսուլմանները կարող են խաղաղ ապրել Եվրոպայում քրիստոնյաների կողքին. Օրհան Փամուկ
Ֆրանսիական Charlie Hebdo թերթի խմբագրության վրա օրերս իրականացված հարձակումը «հարված է այն մարդկանց, ովքեր, ինչպես և ես, կարծում են, որ մուսուլմանները կարող են խաղաղ ապրել Եվրոպայում քրիստոնյաների կողքին», The Times պարբերականում գրել է Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը։ Այդ հարձակումը փորձ է սպանել նման համագոյատևման հույսը, կարծում է գրողը, փոխանցում է inopressa.ru-ն։
Այն երկրներում, որտեղ խոսքի ազատությունը սպառնալիքի տակ է, կա երգիծական ամսագրերի մեծ ավանդույթ։ Թուրքիայում նման ամսագրերը միշտ ճնշման տակ են գտնվում, գրում է Փամուկը։ Նրա խոսքով՝ այժմ Թուրքիայում շատերը կիսում են ֆրանսիացիների վրդովմունքը։
«Խոսքի ազատությունը պարտավոր են պաշտպանել ոչ միայն գրողները։ Դա մեր բոլորի պարտականությունն է՝ հայտնել աշխարհին մեր մշակույթի և աշխարհների մասին, որտեղ մենք ապրում ենք։ Մենք պետք է ոտքի կանգնենք և պայքարենք հանուն խոսքի ազատության՝ հակառակ ամեն ինչի»,- նշել է թուրք գրողը։
Փամուկը կարծում է, որ Եվրոպան չի հայտնվի ծուղակում և իր բարկությունը չի տարածի բոլոր մուսուլմանների վրա։ «Հուսամ, որ այդ դաժան հարձակումների սրացում չի լինի, սակայն անհագստանում եմ, որ լարվածություն տեղի կունենա»,- եզրափակել է գրողը։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին իսլամիստ երկու եղբայրներ ներխուժել էին խմբագրություն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Հարձակումն իրականացնողներին հաջողվել էր փախուստի դիմել դեպքի վայրից: Ավելի ուշ նրանք սպանվել են։ Հարձակման ընթացքում զոհվել է 12 մարդ:










