Ռեժիսոր Լյուկ Բեսոնը կոչ է արել մուսուլմաններին զենքի փոխարեն մատիտ գնել

13:08 • 13.01.15

Ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Լյուկ Բեսոնը բաց նամակ է հղել երկրի մուսուլման երիտասարդությանը` կոչ անելով զենքից ու բռնությունից հրաժարվել ու դրանց փոխարեն մատիտ գնել:

 

«Կալաշնիկով ինքնաձիգն արժե 250 եվրո, իսկ մատիտը` 3: Սակայն մատիտով տված պատասխանը հազար անգամ ավելի զորեղ կլինի»,- գրել է ռեժիսորը:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, հեղինակավոր Le Monde պարբերականում հրապարակված նամակում տաղանդավոր արվեստագետը դիմել է նաև Ֆրանսիայի իշխանություններին: Ըստ ռեժիսորի՝ նրանք պետք է այնպիսի որոշում կայացնեն, որը կօգնի մուսուլման երիտասարդներին կրթություն ստանալ ու աշխատանքի տեղավորվել:

 

«Եղբայրս, այնքան ցավում եմ, որ այսօր դու և քո հրաշալի կրոնը վիրավորված ու ստորացված եք: Մոռացության են մատնվել քո ուժը, էներգիան, հումորը, քո սիրտն ու հարստությունը: Դա անարդար է, և մենք միասին պետք է վերջ տանք դրան»,- նշել է Բեսոնը: Նա նաև հավելել է, որ մուսուլմաններին զուր են նույնականացնում ջիհադի ու ահաբեկչության հետ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այս նամակով Բեսոնն արձագանքել է օրեր առաջ Փարիզում Charlie Hebdo  երգիծական շաբաթաթերի վրա տեղի ունեցած արյունալի հարձական դեպքին: Մուսուլման ահաբեկիչները, Մուհամեդ մարգարեի վերաբերյալ ծաղրանկարներից վիրավորված, թերթի խմբագրությունում սպանել են 12 մարդու:
 

Ռեժիսոր Լյուկ Բեսոնը կոչ է արել մուսուլմաններին զենքի փոխարեն մատիտ գնել