Հարություն Հակոբյան, մարդ, ով զարմացրել է Խրուշչյովին, զայրացրել Բերիային. Комсомольская правда–ն՝ հայ աճպարարի մասին
Հայ հայտնի աճպարար Հարություն Հակոբյանը կյանքից հեռացել է ուղիղ 10 տարի առաջ՝ հունվարի 13-ին։ Լեգենդար արտիստի մասին խոսել է նրա որդին՝ Հմայակ Հակոբյանը, ով շարունակել է հոր աշխատանքը, գրում է Комсомольская правда-ն։
«Հայրս ինքնուս էր, հայկական աղքատ ընտանիքից։ Նախքան բեմում հանդես գալը, նա 13 տարեկանում ավարտել է 7-ամյա դպրոցը, այնուհետև շինարարական տեխնիկումը, աշխատել է շինարարությունում։ 1930-ականների վերջին ստացել է ուղեգիր դեպի Մոսկվայի Կույբիշևի անվան ինժեներա-շինարարական ինստիտուտ։ Դեռևս 1-ին կուրսում հանկարծակի հայտնվել է մի աճպարարի ներկայացման, որն ամբողջությամբ փոխել է նրա կյանքը։ Այդ հրաշագործությունն այնքան է հիացրել հայրիկին, որ նա գնացել է կուլիսներ և մտել սև արկղի մեջ՝ փորձելով հասկանալ գաղտնիքը։ Հայտնված տերը նրան ոստիկանություն է հանձնել՝ գողի տեղ դնելով։ Սակայն հետո, երբ հասկացել է, որ տղան մեծ ցանկություն ունի հնարքները սովորելու, իր մոտ աշխատանքի է ընդունել»,- պատմում է Հմայակ Հակոբյանը։
Վճարի փոխարեն Հակոբյանը խնդրել է սովորեցնել իրեն հեշտ համարներ։ Կարդացել է հատուկ գրականություն և աճպարարին նոր գաղափարներ տվել միշտ։ Իսկ որոշ ժամանակ անց ինքնուրույն ներկայացում է տվել։
Այն մասին, որ հայտնի աճպարարը շփվել է Ստալինի հետ, Հակոբյան-կրտսերը նշել է, որ տեսել է նրան։ «Հայրս Մարգարիտա անունով երկրպագուհի է ունեցել, ում վրա «աչք է ունեցել» նաև Բերիան։ Իմանալով, որ աղջիկը հիանում է աճպարարով, նա որոշել է չեզոքացնել հակառակորդին և արտաքսել է Մոսկվայից։ Հայրս վերադարձել է միայն Ստալինի մահից հետո»,- պատմել է Հմայակ Հակոբյան։
ԽՍՀՄ նախկին ղեկավար Նիկիտա Խրուշչյովն ուշադրություն է դարձրել նրան, հրավիրել է կառավարական համերգներին, ներկայացրել է արտասահմանցիներին, համաշխարհային գերտերությունների առաջնորդներին և խնդրել ցույց տալ գումարի կիրառմամբ հնարքներ։
Հակոբյանն աչքի առաջ այրում էր դոլարները և անմիջապես ձեռքում հայտնվում էին խորհրդային ռուբլիները։ Եվ Խրուշչյովը հպարտությամբ ասում էր. «Տեսեք, թե ինչ հրաշքներ են ցույց տալիս մեր արտիստները. մենք այրում ենք ձեր արժույթը և հայտնվում է մեր խորհրդային ռուբլին»։
Իսկ Լեոնիդ Բրեժնևը խնդրել է Հակոբյանին սովորեցնել իրեն սև մոգություն։
Հարցին, թե արդյոք Հարություն Հակոբյանը տիրապետել է հիպնոզին, որդին պատմել է մի դեպք, երբ իրենց տուն է եկել մարշալ Բաղրամյանը և բողոքել սրտի ցավերից։ «Հայրիկը նրան հիպնոտիկ տրանսի մեջ է գցել հետևյալ խոսքերով՝ «Հիմա դու կհայտնվես քո հայրենիքում՝ Ղարաբաղում։ Շուրջդ ծաղիկներ, դու շնչում ես լեռնային օդը»։ Երբ Բաղրամյանն արթնացել է, հայտնել է, որ հիանալի է իրեն զգում։ Իսկ հայրս կարծես քամված կիտրոն լիներ։ Սակայն իր ելույթներում նա հիպնոզը չէր կիրառում»,- հիշել է աճպարարի որդին։












