Վենետիկի ազգային գրադարանում ցուցահանդեսի բացմամբ տրվել է Իտալիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

17:08 • 13.01.15

Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանում հունվարի 9-ին կայացել է գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։

 

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել Վենետիկի հասարակական և քաղաքական շրջանակների, հյուպատոսական կորպուսի, հայ և հրեական համայնքների ներկայացուցիչներ:


Ցուցահանդեսը, որը կրում է «Արմին Թ.Վեգներ. իրավունք հայերի և հրեաների համար» խորագիրը, Իտալիայում ՀՀ դեսպանության և Իտալիայի մշակույթի նախարարության հովանավորությամբ կազմակերպել էին Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանը և Միլանում ՀՀ պատվո հյուպատոսությունը՝ համագործակցությամբ գերմանական «Marbach» գրական արխիվային կենտրոնի, Հայկական մշակույթի ուսումնասիրության կենտրոնի և Վենետիկի հրեական համայնքի ու Իտալիայի հայերի միության հետ:


Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանի տնօրեն Մաուրիցիո Մեսսինան, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը:


Դեսպան Ղազարյանն իր խոսքում կարևորել է Ցեղասպանության մասին հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը և ցեղասպանության կանխարգելումը՝ անհրաժեշտ համարելով այդ նպատակով կրթական ծրագրերի իրականացումը: Դեսպանն ընդգծել է, որ ժխտողականությունը ցեղասպանության շարունակություն է և նշեց, որ ժխտողականությունն ու այլատյացությունը ցեղասպանության բաղադրիչներ են՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում իրականացվող հայատյաց քաղաքականության վրա:


Միջոցառման բանախոսներն էին «GARIWO» հասարակական կազմակերպության նախագահ Գաբրիելե Նիսսիմը, Վենետիկի հրեական համայնքի ղեկավար Պաոլո Նավարա Դինան և ցուցահանդեսի համակարգող Աննա Մարիա Սամուելին:


Բանախոսներն իրենց ելույթներում կարևորել են ցեղասպանության և ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Վենետիկի հրեական համայնքի ղեկավար Պաոլո Նավարա Դինան մասնավորապես նշել է, որ հայերն ու հրեաները այլատյացության ու ժխտողականության դեմ պայքարի նույն ճակատում են:


Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է տեղական զանգվածային լրատվամիջոցների կողմից: Վենետիկում ցուցահանդեսի բացումով տրվել է Իտալիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Վենետիկի ազգային գրադարանում ցուցահանդեսի բացմամբ տրվել է Իտալիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը