Երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերացանցը կվերադառնա սովորական ռեժիմի. Մարգարիտա Գրիգորյան
Երեկ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով Հանրային հեռուստաընկերության երեկվա և այսօրվա ողջ եթերացանցը գրեթե ամբողջությամբ վերափոխվել է, և տոնական, համերգային ծրագրերը վերափոխվել են այլ հաղորդումներով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։
«Մենք այդ սարսափելի դեպքից անմիջապես հետո փոխեցինք եթերը, որն ամբողջությամբ տոնական էր, և փորձեցինք հնարավորինս չեզոք հաղորդումներով այն պահել՝ հասկանալի պատճառներով: Եվ նույն սկզբունքով աշխատելու ենք նաև այսօր՝ մինչև երեկո: Այսօր երեկոյան արդեն կվերադառնանք նախապես հայտարարված եթերային ծրագրին: Մենք շարունակում ենք հետևել սարսափելի հանցագործության հետ կապված գործընթացներին և աղոթել փոքրիկի ապաքինման համար»,– ասաց նա։
Մասնավորապես, Հանրայինի ցանցում երեկ նախատեսված են եղել մի շարք համերգներ, ամանորյա օրերին ցուցադրվող գեղարվեստական ֆիլմեր, այսօր առավոտյան՝ դեկտեմբերի 31-ի ամանորյա որոշ հաղորդումների կրկնություն և այլն: Դրանք փոխարինվել են և կփոխարինվեն սերիալների ու ոչ տոնական հաղորդումների կրկնություններով, այսօր երեկոյան արդեն Հանրայինը կվերականգնի հին Նոր տարվա հետ կապված որոշ հաղորդումներ:
Tert.am-ի դիտարկումներով երեկ հեռուստաեթերի փոփոխություններ են տեղի ունեցել հեռուստաընկերությունների գերակշիռ մասում:










