Ֆրանսիայի կինոթատրոններում այսօրվանից կցուցադրվի Ցեղասպանության մասին պատմող Ֆաթիհ Աքընի ֆիլմը
Ֆրանսիայի կինոթատրոններում այսօրվանից՝ հունվարի 14-ից, կցուցադրվի թուրքական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Հատում» ֆիլմը, հաղորդում է Francetv Info-ն:
Ֆիլմն անդրադառնում է ավելի քան 1.5 մլն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանությանը, որը Թուրքիան հրաժարվում է ճանաչել:
Լրատվամիջոցը վկայակոչում է Հելեն Մերջանյանին, ով երկար ժամանակ աշխատում է Հայոց ցեղասպանության ճանաչման և սփյուռքում երեխաների կրթության ուղղությամբ՝ նշելով «ռեժիսորի քաջությունը և բծախնդիր աշխատանքը»:
Ֆաթիհ Աքընը, սակայն, այսօր իր մեկնաբանությունների զոհ է, գրում է Francetv Info-ն: Այժմ մահվան սպառնալիքներ ստանալով Թուրքիայից՝ նա այլևս չի տեղաշարժվում առանց թիկնապահի:
Աքընի ֆիլմում պատմական իրադարձությունները նկարագրվում են մի մարդու ճակատագրի օրինակով՝ Նազարեթ անունով հայի (նրա դերը կատարել է ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը)։










