«Հովեր» պետական կամերային երգչախումբը նոր ձայնասկավառակ է թողարկել

14:27 • 14.01.15

«Հովեր» պետական կամերային երգչախումբը 2015-ը սկսում է շրջագայություններով ու նոր ձայնասկավառակով։  Ձայնասկավառակը մեկտեղում է Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի և ժամանակակից  քսան հայ կոմպոզիտորների  ոսկեհյուս խմբերգային ստեղծագործությունները:


Երգչախումբը հիմնել և ղեկավարում է Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:


2012 թվականին «Հովեր» պետական կամերային երգչախմբի մի խումբ առաջատար երգիչներ միավորվեցին «Հովեր-անսամբլ» ստեղծելու գաղափարի շուրջ: Կարճ ժամանակում «Հովեր-անսամբլ»-ը հասավ մեծ հաջողությունների՝ հանդես գալով Ֆրանսիայի, Գերմանիայի, Թայվանի« Վրաստանի հեղինակավոր համերգասրահներում: «Հովեր-անսամբլ»-ի երգացանկը ընդգրկում է հայ հոգևոր և աշխարհիկ, ավանդական և ժամանակակից, ինչպես նաև արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ, երբեմն էլ անսամբլի կազմում երգող երգիչներ Վահագն Բաբլոյանի և Արթուր Մանուկյանի անսամբլային մշակումներ: 2015 թվականի «Հովերի» համերգային շրջագայությունների մեկնարկը հունվարի 22-ից փետրվարի 5-ը կայանալիք շրջագայությունն է, ուր «Հովեր-անսամբլ»-ը մենահամերգներով հանդես կգա Ֆրանսիայում, Տալինում և Սանկտ Պետերբուրգում: Համերգները կկայանան հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում:


Երգչախմբի ծրագիրը բազմազան է և բազմաբնույթ: «Հովերը» հանդիսանում է հայ կոմպոզիտորների մի շարք գործերի ստեղծման նախաձեռնողն ու առաջին կատարողը (հեղինակներ՝ Վ. Շարաֆյան, Ա. Ավանեսով, Ա. Ազիզյան. Ս. Երկանյան, Ե. Երկանյան, Ս. Բաբաթորոսյան):


Երգչախումբը ձայնագրել է 6 ձայնասկավառակ:


Մասնակցել է գեղարվեստական ֆիլմերի երաժշտական ձևավորումներին. «Արարատ» (ռեժ. Ա. Էգոյան), «Արտույտների ագարակը» (ռեժ. Տավիանի եղբայրներ), «Նամուս» (ARTE ստուդիայի վերականգնված տարբերակ ) և այլն:

«Հովեր» պետական կամերային երգչախումբը նոր ձայնասկավառակ է թողարկել