Ռուսական գյուղի բնակիչները, որտեղ նկարահանվել է «Լևիաֆանը», դժգոհ են ֆիլմից

09:34 • 14.01.15

ՌԴ Մուրմանսկի շրջանի Տերիբերկա գյուղում, որտեղ նկարահանվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի արժանացած «Լևիաֆան» ֆիլմը, դժգոհ են ֆիլմից, գրում է Обозреватель-ը։

 

«Գյուղը և նրա բնակիչները ֆիլմում ներկայացված են միակողմանի և բացասական»,- բացատրել է գյուղապետ Տատյանա Տրուբիլինան։

 

Նա նշել է, որ ռեժիսոր Անդրեյ Զվյանգինցևի պատկերացմամբ գյուղի բոլոր բնակիչները հարբեցող մարդիկ են՝ առանց կյանքի հեռանկարների։ Միևնույն ժամանակ, ինչպես վստահեցնում է գյուղապետը, այժմ Տերիբերկայում աշխատունակ բնակչությունից գործազուրկ է ընդամենը 10 մարդ։

 

Տրուբիլինան կարծում է, որ գյուղի կյանքում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, կան նաև դրական պահեր։ Նա հիշեցրել է, որ գյուղում աճում է ծնելիությունը,  գործում է 2 մանկապարտեզ և դպրոց, գրադարանը հագեցած է համակարգիչներով և արբանյակային հեռուստատեսությամբ, գործում է մշակույթի տուն։ Պաշտոնյան նշում է նաև, որ գյուղում չափազանց ցածր է հանցավորության մակարդակը և ալկոհոլի վաճառքի ծավալը։

 

«Առանձնահատուկ տպավորություններ չկան, մենք այստեղ բոլորս հարբեցող ենք, ապրում ենք սեփական աղբակույտում։ Գեղագիտության տեսանկյունից ես դեմ եմ ցուցադրությանը, ես ընդհանրապես չգիտեմ, թե ով պետք է այն նայի»,- ասել է Տրուբիլինան։

Ռուսական գյուղի բնակիչները, որտեղ նկարահանվել է «Լևիաֆանը», դժգոհ են ֆիլմից