Վալենսիայում բացվել է հայազգի նկարիչ Տիգրան Վարդիկյանի ցուցադրությունը` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ
Իսպանիայի Վալենսիա քաղաքի Միսլատա շրջանի «Արարատ» միությունը այս տարի նշում է գործունեության 10-ամյակը և Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:
Միսլատայի «Արարատ» միության 10-ամյա պատմությունը ներկայացնելու և ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված այս տարվա միջոցառումներն սկսվում են հայ նկարիչ Տիգրան Վարդիկյանի նկարների ցուցադրությամբ, որը մեկնարկել է անցյալ ուրբաթ՝ Միսլատայի Մշակույթի կենտրոնում:
Թեև նկարիչը Լեհաստանում աշխատում է որպես թերթի գրաֆիկական խմբագիր,նա նկարների կարևոր հավաքածուի հեղինակ է: Իր բազմաբնույթ բնավորությունն իրեն բերել է նաև լուսանկարչության և դեկորի աշխարհ, իսկ Միսլատայում հեղինակը ներկայացել է իր նկարների մեծ ու կարևոր ընտրանիով:
Վարդիկյանի նկարները պատկերում են մարդկանց ու կենդանիների, բնապատկերի ու կիսամերկ մարմինների միաձուլումը: Բացի այդ՝ կա ծաղրանկարներին նվիրված առանձին բաժին, որոնց մասնագետն է հայ վարպետը: Նրա ծաղրանկարների հերոսներից են՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, քաղաքական գործիչ, Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն:













