Սարիկ Անդրեասյանը մոտ 40 մլն դոլար արժողությամբ ֆիլմ կնկարահանի՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ

12:03 • 16.01.15

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր և պորդյուսեր Սարիկ Անդրեասյանը պատմել է, որ մտադիր է նոր ֆիլմ նկարահանել, որում կնկարահանվեն նաև հոլիվուդյան աստղեր։ Ֆիլմի բյուջեն կարող է կազմել մոտ 40-50 մլն դոլար, փոխանցում է РИА Новости-ն։

 

Անդրեասյանը հայտնի է «Ծառայողական սիրավեպ. Մեր օրեր», «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» և այլ ֆիլմերով։ Մոտ ժամանակում կկայանա նրա նոր աշխատանքի պրեմիերան՝ «Կողոպուտ ամերիկյան ձևով», որտեղ նկարահանվել են Էդրիան Բրոուդին և Հայդեն Քրիստենսենը։

 

«Դա կլինի մեծ ֆիլմ՝ 40-50 մլն դոլար արժողությամբ։ Ես նույնիսկ չեմ վախենա ասել՝ «ռուսական ֆիլմ», սակայն հոլիվուդյան աստղերով։ Ես նախատեսում եմ ներգրավել նաև ռուս դերասանների»,- պատմել է ռեժիսորը։

 

Նա դեռ չի նշում հոլիվուդյան դերասանների անունները, ում հետ բանակցություններ են տարվում։
Ռեժիսորի խոսքով՝ բացառապես ռուսական կինո նկարահանելով՝ շատ դժվար է մրցակցել արևմտյանների հետ։

 

«Աշխարհը փոխվում է, պետք է ինչ-որ կերպ ընդլայնվել։ Համատեղ արտադրանքներն ավելի մրցունակ են և վաճառվում են բոլոր տարածքներում։ Առավելությունը նաև այն է, որ գումարը կրկին Ռուսաստան է վերադառնում։ Պետք է ձգտել ստեղծել կինո, որն ունի ինչ-որ արտահանում, հենց դրան էլ մենք ձգտում ենք»,- բացատրել է Անդրեասյանը։

Սարիկ Անդրեասյանը մոտ 40 մլն դոլար արժողությամբ ֆիլմ կնկարահանի՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ