Վահագն Պապյանի ղեկավարությամբ կներկայացվի «Տրավիատա» օպերան

16:56 • 19.01.15

Նշանավոր դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանի ղեկավարությամբ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 22-ին կներկայացվի Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան:

«Արմենպրես»-ին  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ Պապյանը երեկոյի ընթացքում կղեկավարի օպերային թատրոնի սիֆոնիկ նվագախումբը:

Վահագն Պապյանը ծնվել է Երևանում: 1980թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Որպես դաշնակահար` շահել է Վիանա դա Մոտայի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակը (Լիսաբոն, 1979թ.):

Վերադառնալով Հայաստան` դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և իբրև դաշնակահար հյուրախաղերով հանդես եկել նախկին ԽՍՀՄ հանրապետություններում և արտասահմանում:

1982-87թթ. Վ.Պապյանն իբրև դիրիժոր ուսանել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայիում: 1984թ. հանձն է առել ՀՊՖՆ-ի երկրորդ դիրիժորի պաշտոնը, իսկ 1987-1989թթ.` գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոն : 1990թ. Վ.Պապյանը տեղափոխվեց Իսրայել, որտեղ 1990-ից դասավանդում է Թել Ավիվի կոնսերվատորիայում և ղեկավարում «Կամերատա» և «Սիմֆոնիետա» կամերային նվագախմբերը:

Նա հանդես է եկել Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի և Իսրայելի այլ նվագախմբերի հետ, ղեկավարել է օպերային թատրոնի ներկայացումներ` իբրև հրավիրյալ դիրիժոր: Զուգահեռաբար շարունակում է դաշնակահարի և դիրիժորի գործունեությունը տարբեր երկրներում:

Վահագն Պապյանի ղեկավարությամբ կներկայացվի «Տրավիատա» օպերան