Ամֆիպոլիսի դամբարանում 5 կմախք է հայտնաբերվել
Հունաստանի հյուսիսային մասում Ամֆիպոլիս քաղաքի մոտակայքում, որտեղ ժամանակին գտնվել է Ալեքսանդր Մակեդոնացու նավատորմի շտաբ-բնակարանը, հնագետները դամբարանում մարդու 5 կմախք են հայտնաբերել, գրում է Deutsche Welle-ն։
Հունվարի 19-ին Հունաստանի մշակույթի նախարարությունը դամբարանում հայտնաբերված մասունքների ԴՆԹ-ի անալիզների օգնությամբ պարզել է նրանց մոտավոր տարիքը։
Գիտնականների տվյալներով՝ դամբարանում թաղված է եղել մեկ տարեց կին՝ մոտ 60 տարեկան, 2 տղամարդ՝ 35-45 տարեկան, նորածին և ևս մեկ տղամարդ, ում տարիքը չի հաջողվել պարզել, քանի որ նա այրված է եղել։
Ենթադրվում է, որ դամբարանը եղել է Ալեքսանդր Մակեդոնացու կամ նրա հրամանատարներից մեկի ընտանիքի անդամների հուղարկավորման վայրը։ Գրեթե ամբողջությամբ բացառվում է հավանականությունը, որ այստեղ թաղված է հենց Ալեքսանդր Մեծը։ Լեգենդար հրամանատարը մահացել է Բաբելոնում ծանր հիվանդության հետևանքով և թաղված է հին Ալեքսանդրիայում՝ ներկայիս Եգիպտոսի տարածքում։










