Հունաստանում անտիկ նավաբեկությունների վայրերը կվերածվեն ստորջրյա թանգարանների
Հունաստանի հնագիտական խորհուրդը հաստատել է Թեսալիա շրջանում մի քանի անտիկ նավաբեկությունների վայրերը ստորջրյա թանգարանների վերածելու պլանը, գրում է rosbalt.ru-ն։
Երկիրը հետևողականորեն զարգացնում է ստորջրյա հնագիտական տուրիզմը։ Նախորդ տարի Պելոպոնես թերակղզու ջրային գոտում բացվել են թեմատիկ այգիներ, որոնք թույլ են տալիս զբոսաշրջիկներին հետազոտել հնագույն նավաբեկությունների վայրերը։
Այս տարի նոր հնագիտական օբյեկտ կդառնա Ալոնիսոս կղզու մոտակայքում խորտակված մ.թ.ա. 5-րդ դարի նավը, որի մնացորդներում կարելի է տեսնել բազմաթիվ հնագույն ամֆորաներ։
Զբոսաշրջիկները կարող են այցելել նաև բուզանդական նավաբեկության վայր Կիկինթոս կղզու մոտակայքում, որտեղ պահպանվել են 9-13-րդ դարի խեցեգործական նմուշներ։










