Առնո Բաբաջանյանի երաժշտությունն արդեն իրենը չէ, բոլորինս է. այսօր մեծ կոմպոզիտորի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)

15:41 • 22.01.15

«Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ հնչյուններով: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է՝ թե հրաժեշտ տալ կյանքին»,- ժամանակին ասել է Առնո Բաբաջանյանը:


Այսօր հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության (1971) և Հայաստանի Հանրապետության (1956) ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը Tert.am- հետ զրույցում նշեց, որ Առնո  Բաբաջանյանի երաժշտությունն արդեն իրենը չէ, այլ բոլորինս է և նաև համայն մարդկությանը: «Նրա երգերը բոլորը գիտեն, բոլոր ստեղծագործություններն այնպիսի մակարդակով, այնպիսի վարպետությամբ և զգացմունքայնությամբ լի են, որ չեն կարող անտարբեր թողնել ոչ մի դաշնակահարի և ունկնդրի»,- ասաց նա:


Մարտին Վարդազարյանը նշեց, որ կոմպոզիտորի առաջին գործը, որը  ճանաչում գտավ` «Վաղարշապատ պարն էր», որը դաշնամուրային մշակմամբ` մի նոր ճանապարհ բացեց հայ երաժշտության մեջ: Նա նշեց, որ Առնո Բաբաջանյանի երաժշտությունը շատ սիրված է նաև այսօր, և բավական է ասել Երևանի մասին երգ, և բոլորը կհիշեն`«Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել» երգը, եթե ասես սիրո մասին երգ` իսկույն կհնչի  «Առաջին սիրո երգը»: Մարտին Վարդազարյանը նկատեց նաև, որ Ռուսաստանի ռադիոկայաններով ևս շատ հաճախ հնչում են նրա երգերը:


«Ես կարծում եմ, որ Բաբաջանյանի երաժշտությունը ոչ միայն երջանիկ ներկա ունի, այլ նաև ապագա, որովհետև բոլոր սերունդների համար այն հարազատ է մնում»,- ասաց նա:


«Առնո» էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում առաջին մրցանակին արժանացած Նարեկ Մակարյանը նշեց, որ Առնո Բաբաջանյանն իր համար լավագույն կոմպոզիտորներից մեկն է, և իր երաժշտությունը շատ հարուստ է և կրում է նաև հոգևոր բնույթ: «Շատ ցավում եմ, որ նա շատ շուտ մահացավ և չհասցրեց գրել իր ամենասիրելի երգը, որովհետև ինքը հենց այդպես էլ նշել էր, երբ հարցրել են, թե Ձեր երգերից որն եք ամենաշատը սիրում,  նա պատասխանել է, որ դեռ չի ստեղծագործել իր ամենասիրելի երգը»,- ասաց նա:


Նարեկ Մակարյանը նշեց, որ բացի այն, որ Առնո Բաբաջանյանի բոլոր երգերն էլ շատ է սիրում, սակայն հատկապես առանձնացնում է «благодарю» երգը, որն էլ որ կատարել է մրցույթին:

Նշենք նաև Առնո Բաբաջանյանի  հայրը սրինգ է նվագել, իսկ անձամբ Առնոն մանկության տարիներից սկսում է երաժշտական ունակություններ դրսևորել։ 3 տարեկանում սկսում է նվագել շրթհարմոն, իսկ 9 տարեկանում գրում է իր առաջին երաժշտական ստեղծագործությունը։ 1933-ին Հայաստանի պատանի երաժիշտների մրցույթում նա ստանում է առաջին մրցանակը։


Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։


Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։


Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում են հնչում նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։


1956թ.-ից նա հաստատվել է Մոսկվայում: Մահացել է 1983 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, արյան քաղցկեղից:

 

 

 

 


 

Առնո Բաբաջանյանի երաժշտությունն արդեն իրենը չէ, բոլորինս է. այսօր մեծ կոմպոզիտորի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)