Երգչուհի Բյորկը ժամանակից շուտ է թողարկել բաժանման մասին իր նոր ալբոմը
Իսլանդացի հայտնի երգչուհի Բյորկը նախապես հայտարարված ժամկետից շուտ է iTunes հավելվածում թողարկել իր նոր՝ Vulnicura ալբոմը: Ինչպես նշում է gazeta.ru-ն, ալբոմի CD և վինիլային տարբերակները կթողարկվեն մարտին:
Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «նոր ալբոմը կոտրված սրտի մասին է»: Բյորկը պատմել է, որ «երգերի հերթականությունը համապատասխանում է իր հետ տեղի ունեցած դեպքերի զգայական ժամանակագրությանը»:
«Դրանում ներառված 3 երգ գրվել է բաժանումից առաջ, իսկ մյուս 3-ը` հետո»,-ասել է երգչուհին` հավելելով, որ «այդ երգերում ինքը բաժանումը ներկայացնում է որպես կենսաբանական գործընթաց»:
Բյորկը պատմել է, որ ալբոմի ստեղծման ժամանակ համագործակցել է Arca և The Haxan Cloak երաժիշտների հետ: Երգչուհու նախկին Biophilia ալբոմը լույս է տեսել 2011թ.:










