Մերիլ Սթրիփը խոստովանել է, որ իրեն մերժել են նկարահանել՝ «բավականաչափ գեղեցիկ» չլինելու պատճառով
Մերիլ Սթրիփն այն քիչ դերասանուհիներից է, ով ավելի քան 15 անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի։ Սակայն, ինչպես պարզվել է, ոչ բոլոր ռեժիսորներն են երազում տեսնել նրան իրենց ֆիլմերում։ Այդ մասին պատմել է 65-ամյա աստղը՝ հեռուստալրագրող Գրեմ Նորթոնի հետ զրույցի ընթացքում, գրում է segodnya.ua-ն։
Սթրիփը խոստովանել է, որ դա եղել է 1970-ականների կեսերին։ Իր ներկայացումներից մեկից հետո նրա խաղը նկատել է պրոդյուսեր Դինո Դե Լորենտիսը և հրավիրել «Քինգ-քոնգ» անվանումով նոր նախագծի փորձերին։
«Դա շատ անհարմար և տհաճ լսում էր։ Մի փոքր մտածելուց հետո ինձ ասացին, որ ես բավականաչափ գեղեցիկ չեմ՝ այդ ֆիլմում նկարահանվելու համար»,- պատմել է Սթրիփը։
Ֆիլմը թողարկվել է 1976-ին, իսկ գլխավոր դերը կատարել է Ջեսիկա Լանժը։
«40 տարեկանին մոտ ինձ արդեն 3 անգամ առաջարկել էին կախարդի դեր խաղալ։ Դա ինձ ստիպեց մտածել, որ 40-ից հետո դերասանուհու կարիերան սկսում է անկում ապրել։ Ես այդ ժամանակ ինձ շատ վատ զգացի։ Սակայն հիմա ես հասկանում եմ, որ իմ տարիքը համապատասխանում է նման դերերին»,- ասել է օսկարակիր դերասանուհին։










