Հյուսիսային Կորեան և Իրանը դժգոհ են Բեռլինալե կինոփառատոնից

13:39 • 24.01.15

Հոլիվուդյան սկանդալային «Հարցազրույց» ֆիլմը, որը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանության մասին է, հարաբերություններ պարզելու թեմա է դարձել Հյուսիսային Կորեայի և Գերմանիայի միջև, գրում է Deutsche Welle-ն։

 

Հս. Կորեայի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Գերմանիայից թույլ չտալ ֆիլմի ցուցադրությունը Բեռլինի միջազգային կինոփառատոնում։

 

Փառատոնի ծրագրում այդ ֆիլմը նշված չէ, ինչի մասին էլ տնօրեն Դիտեր Կոսլիկը տեղեկացրել է Բեռլինում Հյուսիսային Կորեայի դեսպանին։ Թյուրիմացությունը լուծված է, հայտնել են փետրվարի 5-ին մեկնարկող փառատոնի կազմակերպիչները։ Պարզապես այդ նույն օրը «Հարցազրույց» ֆիլմը վարձույթում է թողարկվում Գերմանիայում, ինչն էլ, հավանաբար, ոչ ստույգ տեղեկության պատճառ է դարձել։

 

Միևնույն ժամանակ քննադատություն է հնչել Իրանի կողմից։ Aviny պահպանողական մշակութային ինստիտուտն իր կայքում գրել է, որ Բեռլինի կինոփառատոնը «վերջին տարիներին ավելի շատ քաղաքական նպատակներ է հետապնդում»՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիին։

 

Վերջինս 2010-ին Իրանում 6 տարվա ազատազրկման և 20 տարի պրոֆեսիոնալ գործունեությամբ զբաղվելու արգելքի է դատապարտվել՝ իշխանություններին քննադատելու համար։ 2013-ին նրա գաղտնի նկարահանված «Իջեցված վարագույր» ֆիլմը Բեռլինալեում արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի՝ «Լավագույն սցենար» անվանակարգում։

 

Իրանից ուղարկված նամակում ասվում է, որ Փանահիի արևմտյան կինոփառատոների մրցանակները քաղաքական բնույթ են կրում, և նրա ֆիլմերը կինեմատոգրաֆի տեսանկյունից թույլ են։

 

Այս անգամ Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում կցուցադրվի Ջաֆար Փանահիի «Տաքսի» նոր ֆիլմը։


 

Հյուսիսային Կորեան և Իրանը դժգոհ են Բեռլինալե կինոփառատոնից